Հայաստանը 100 հազար դոլար կհատկացնի Հաիթիի վերականգնման համար

PanARMENIAN.Net - Հայաստանը 100 հազար դոլար կհատկացնի Հաիթիի վերականգնման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 21-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ: Ըստ վարչապետի, Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժից արդեն մի քանի ժամ անց, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել աղետի զոհերին: 50 փրկարարներ պատրաստ էին մեկնել ողբերգության վայր, սակայն Հաիթին չկարողացավ ընդունել նրանց ֆիզիկական եւ տեխնիկական պատճառներով: Բացի այդ, Հայաստանը տեղեկացրել է միջազգային կառույցներին նյութական օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամության մասին: «Մեր քաղաքացիների մտահոգությունը միանգամայն հասկանալի է. Հայաստանն անմիջապես իր վրա է զգացել ավերիչ երկրաշարժի հետեւանքները եւ նույնպես ժամանակին ստացել է միջազգային կառույցների աջակցությունը: Ուստի, շատ մեծ ցանկություն կա` օգնել տուժած շրջաններին եւ այդ 100 հազար դոլարը կուղղվի վերականգնողական աշխատանքների իրականացմանը»,-հայտարարել է Տիգրան Սարգսյանը:



Հունվարի 12-ին Ռիխտերի սանդղակով 7,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հաիթիում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 10 կմ խորությամբ Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 15 կմ հեռավորության վրա: Ըստ մասնագետների, նման ուժգնության երկրաշարժը Հաիթիթում աննախադեպ է: Առաջին ցնցումից մի քանի րոպե անց տեղի ունեցան նոր ստորգետնյա ցնցումներ, որոնց ուժգնությունը հասնում էր 6 բալի: Զոհվածների ճշգրիտ թիվը մինչ օրս անհայտ է: Տարբեր գնահատականներով, տարերքի զոհ կարող էին դառնալ հարյուր հազարավոր մարդիկ:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---