5 փետրվարի 2010 - 15:32 AMT
PanARMENIAN.Net -
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը գտնում է, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը նպաստած ծառայողական անփութության համար մեղադրվող ոստիկանության 19 սպաներն անփութություն թույլ չեն տվել իրենց աշխատանքում:
Ինչպես գրաում է թուրքական Today's Zaman թերթը, Թուրքիայի վարչապետի վերահսկիչ հանձնաժողովը Դինքի այրի` Ռաքել Դինքի դիմումի համաձայն հանձնարարել է ՆԳՆ-ին հետաքննություն սկսել Տրաբզոնի ոստիկանության 19 սպաների եւ երկրի ոստիկանության հետախուզման բաժնի հանդեպ:
Մինչ ՆԳՆ զեկույցի հրապարակումը, Դինքի ընտանիքի փաստաբաններից մեկը` Դենիզ Թունը հայտարարեց, որ ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ հետախուզական բաժնի աշխատակիցները իրազեկված են եղել Հրանտ Դինքի սպանության մասին, սակայն միջոցներ չեն ձեռնարկել այն կանխելու համար:
Հրանտ Դինքին սպանել են 2007 թ. հունվարի 19-ին, Ստամբուլում, «Ակոս» թերթի խմբագրության առջեւ: Ավելի քան երկու տարի ձգվող դատավարությունից հետո մարդասպաններն այդպես էլ չդատապարտվեցին: Գործի քնության արդյունքում, նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցությունն այդ սպանությանը: Հրանտ Դինքին սպանել է 18-ամյա Օգյուն Սամասթը: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ սպանության անմիջական պատվիրատուն միանգամայն այլ մարդ էր: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որին նույնպես սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով: