28 հունվարի 2010 - 14:58 AMT
PanARMENIAN.Net -
Հունվարի 29-ին Երեւանի ՄԱԿ-ի գրասենյակում տեղի կունենա բարեգործական համերգ եւ ցուցահանդես-վաճառք: Միջոցառումից ստացած ողջ հասույթը կուղղվի Հաիթիի երկրաշարժից տուժածների օգնության ծրագրերին:
Միջոցառման կազմակերպիչն է ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան` ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության բարձր հովանու ներքո եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Ողջ հասույթը ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության միջոցով կփոխանցվի ՄԱԿ-ի Կենտրոնական արտակարգ հակազդման հիմնադրամին (UNCERF), որն էլ իր հերթին այս միջոցները կուղղի Հաիթիի ժողովրդին` որպես մխիթարանք եւ օգնություն:
Հաիթիի երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 12-ին: 7.0 մագնիտուդ ուժգնությամբ եւ շարունակվող ցնցումներն ավերեցին տներ, դպրոցներ, հիվանդանոցներ եւ այլ պետական կարեւորագույն կառույցներ: Նման ուժգնության երկրաշարժերն աննախադեպ են Հաիթիի համար: Զոհերի ստույգ թիվը մինչ օրս հայտնի չէ: Միայն մայրաքաղաքում զոհերի թիվը հասել է 150 հազարի: