Հայ ուսանողները պահանջում են վերականգնել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրճատված տեղերը

Հայ ուսանողները պահանջում են վերականգնել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրճատված տեղերը

PanARMENIAN.Net - Երևանի համալսարանների մոտ 200 ուսանողներ դեպի Հայաստանի կառավարության շենք երթ են կազմակերպել` ի նշան բանակում ծառայելու տարկետումով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերի կրճատման դեմ բողոքի: Երիտասարդները վանկարկում են «Կրթության իրավունք» և «Վերականգնում» նշանաբանները:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին երթի կազմակերպիչներից մեկը` Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Դանիել Իոաննիսյանը, ուսանողները պահանջում են հանդիպել կառավարության լիազոր ներկայացուցչի հետ, որին նրանք գրավոր կամ բանավոր կներկայացնեն իրենց պահանջները: «Եթե այդ հանդիպումը չկայանա, ապա մենք Կառավարությանը գրավոր կհանձնենք մեր պահանջները»,- ասել է նա:

Դանիել Իոաննիսյանը նշել է նաև, որ Ոստիկանության աշխատակիցները հայտարարել են ուժ կիրառելու մասին այն դեպքում, եթե ուսանողները «շատ աղմուկ բարձրացնեն», չբացատրելով, թե ինչ է դա նշանակում, և ինչում է դրսևորվելու ուժի կիրառումը: «Ես հայտնել եմ Հայաստանի Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին, որ այդ դեպքում Ոստիկանության գործողություններն անօրինական և հակաիրավական կլինեն»,- ասել է ուսանողը, ավելացնելով, որ ուսանողները շարժվում են մայթերով և չեն խանգարում տրանսպորտին:

Ուսանողները մտադիր են կես ժամվա ընթացում շարունակել բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ` հանդիպելու համար կառավարության ներկայացուցչի հետ: Ուսանողների հետագա քայլերը կախված են կառավարության ներկայացուցիչների գործողություններից:

Նա նաև ասաց, որ Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է հանդիպել ուսանողների հետ, սակայն նրանք հետաձգել են այդ հանդիպումն այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը հստակ պատասխան չի տվել: «Չգիտեմ, թե ինչ քայլեր կձեռնարկենք հետագայում, բայց ակնհայտ է, որ մեր բողոքը շարունակական բնույթ կկրի»,- ասել է Դանիել Իոաննիսյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---