Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագրի մեկնարկին

Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագրի մեկնարկին

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին` «Շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրը», Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հրազդանի ձորի մաքրման «Երեք կամուրջ» ծրագրի մեկնարկին: Ծրագիրն իրականացվում է վարչապետի նախաձեռնությամբ «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագրի շրջանակներում: Ծրագիրը մշակվել էր վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից` Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մաքրման և բնապահպանական աշխատանքներ իրականացնելու նպատակով: «Երեք կամուրջ» ծրագիրն իրականացվում է Հրազդանի ձորի երեք` Հաղթանակի, Կիևյան և Դավիթաշենի կամուրջներին հարող հատվածի մաքրման և բարեկարգման նպատակով:

Տիգրան Սարգսյանն այցելել է մաքրման ենթակա տեղամասեր և անձամբ մասնակցել մաքրման և բարեկարգման աշխատանքներին: Վարչապետը ողջունել է «Միասին» երիտասարդական շարժման նախաձեռնությունը և պատասխանելով լրագրողների հարցերին` նշել. «Մենք պետք է մեր երեխաներին և թոռնիկներին սովորեցնենք, որ չի կարելի աղտոտել բնությունը, մեր սիրելի քաղաքը: Դա հայրենասիրության կարևորագույն տարր է և պետք է դառնա ավանդույթ: «Մաքուր Հայրենիք» հայեցակարգն ունի բավական լուրջ և հեռուն գնացող բովանդակություն: Մենք պետք է լինենք հետևողական, որպեսզի այս նախաձեռնությունը տարածվի բոլոր մարզերում և անպայման կմասնակցենք այդ ակցիաներին»: Անդրադառնալով Հրազդանի կիրճում տնտեսվարողների կողմից տարածքը մաքուր պահպանելու խնդրին` Տիգրան Սարգսյանը կարևորել է պատժամիջոցների խստացումը սեփական հայրենիքին անհարգալից վերաբերվող քաղաքացիների նկատմամբ:

Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է տեղամասերով, զրուցել միջոցառման մասնակիցների հետ: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը զեկուցել է վարչապետին իրականացվող աշխատանքների մասին:

«Մաքուր Հայրենիք» ծրագիրը համակարգում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, «Միասին» և «Մաքուր Երևան» հասարակական կազմակերպությունները, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF), Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը, ինչպես նաև մասնագիտական կառույցները և Հրազդանի ձորում գործող տնտեսվարողները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լրացուցիչ աղբարկղերի և Հրազդանի ձորի սանիտարական, բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ ցուցատախտակների տեղադրում: Ծրագրի ավարտից հետո նախատեսվում է հանրային հիմունքներով գործող հանձնախմբի ստեղծում, որը վերահսկողություն կսահմանի տարածքի սանիտարական վիճակի պահպանման նկատմամբ, հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---