«Կենգուրու-2010»-ի հաղթողները կմեկնեն Բուլղարիա

«Կենգուրու-2010»-ի հաղթողները կմեկնեն Բուլղարիա

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվեցին այս տարի երկրորդ անգամ անցկացված «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի արդյունքները:

Մրցույթի հաղթողներին` Երևանի Ա. Շահինյանի անվ. ֆիզիկամաթեմատիկական դպրոցի աշակերտ Էդգար Մինասյանին ու Արարատի մարզի Վանաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ Աբրահամ Գրիգորյանին շնորհավորեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նա ավանդույթի համաձայն հայ արվեստի գործերի պատկերներով գրքեր է շնորհել նրանց:

Նարինե Հովհաննիսյանն իր գոհունակությունն է հայտնել այն փաստի առթիվ, որ «Կենգուրու» մրցույթը յուրօրինակ հնարավորություն է` նորովի մտածելու, տեսնելու և սիրելու «Մաթեմատիկա» առարկան, ինչպես նաև կարևոր է մյուս առարկաների յուրացման և, առհասարակ, կրթական համակարգի զարգացման տեսանկյունից:

Մրցույթի հաղթողներն իրենց ամառային արձակուրդները կանցկացնեն Բուլղարիայում կազմակերպվող միջազգային ճամբարում` այլ եվրոպական երկրներից (մաթեմատիկական մրցույթն անցկացվում է աշխարհի 50 երկրներում) «Կենգուրուի» հաղթողների հետ միասին` հանդիսանալով «Հայաստանի փոքրիկ դեսպանները Եվրոպայում»:

Այս տարի մրցույթի առանձնահատկությունն այն էր, որ առաջին անգամ դրան մասնակցում էին Արցախի Հանրապետության 13 դպրոցի շուրջ 120 աշակերտ: Եվս մեկ նորամուծություն էր լրացուցիչ փուլի կազմակերպումը, քանի որ մրցույթի առավելագույն շեմը չէր հաջողվել հաղթահարել և ոչ մի մասնակցի:

«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` արդեն մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ, և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար: Անցալ տարվա 30 հազար մասնակցի փոխարեն այս տարի մարտին 18-ին անցկացված մրցույթին մասնակցել է շուրջ 40 հազար դպրոցական:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---