Դիզայներները խորհուրդ են տալիս նորաձևության հետևորդներին 2011-ին նախապատվությունը տալ մեղմ գույներին

PanARMENIAN.Net - «2011թ. արևելյան օրացույցով մետաղյա Ճագարի տարի է: Ուստի, եկող տարի ակտուալ կլինեն մեղմ գույները, ինչպես նաև փայլուն երանգները՝ սպիտակը, արծաթագույնը, բաց մոխրագույնը, ոսկեգույնն ու կարմիրի երանգները: Իսկ սևը, լինելով ունիվերսալ գույն, միշտ լավ է նայվում: Նորաձև կլինեն ասեղնագործությամբ, քարերով զարդարված զգեստները»,-դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Նորաձևության հայկական խորհուրդի անդամ, մոդելավորող, դիզայներ Լիլիթ Մարգարյանը:

Ըստ նրա, տգեղ կամ ոչ նորաձև գույներ չեն լինում: «Մենք, դիզայներներս, ուղղակի ստեղծում ենք գույների տարբեր համադրություններ և առաջարկում ենք դրանք, ընտրությունը սպառողինն է»,-ասել է Մարգարյանը:

Նա նշել է, որ 2011թ. նորաձևությունը բազմաթիվ տարրերում կկրկնի 2010թ. նորաձևությունը: «Հաջորդ տարի շատ նորաձև կլինեն շիֆոնը, թավիշը, վելվետը, ինչպես նաև մորթիները: Հատկապես նորաձև կլինեն անհամատեղելի կտորների համադրությունները: Բիժուտերիան և զարդերը պետք է անպայման փայլուն լինեն»,-ասել է փորձագետը:

«Նորաձև կլինեն երկրաչափական, ասիմետրիկ ձևերը, բաց ուսով զգեստները (ինչը նորաձև էր նաև 2010թ.): Աքսեսուրաներում ողջունելի են ձեռնոցները, հատկապես, երկար, մինչև արմունկը (ավելի բարձր) հասնող ձեռնոցները: Կոշիկը կարող է լինել բարձրակրունկ կամ պլատֆորմի վրա»,-ասել է նա: Անդրադառնալով սանրվածքին՝ դիզայները հավելել է, որ 2011թ. ողջունելի կլինեն հասարակ, պարզ սանրվածքները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---