Հունվարի 19-ին Երևանում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում կկայանա

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին` հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության օրը, Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա «Սևրի պայմանագիրը և Հրանտ Դինքը» խորագրով միջոցառում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ազգային գրադարանի հասարակայնության հետ կապի բաժնից:

Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես կգան ՀՀ անվտանգության գծով նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը, գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը, գրականագետ Վարդան Դևրիկյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Կարապետյանը, ՄՀՆՋ հրամանատար, գնդապետ Գրիգորի Սարգսյանը: Միջոցառմանը կմասնակցի Ավետիս Ահարոնյանի ժառանգներից (Դեթրոյթ) ԳԱԱ ակադեմիկոս Հրայր Ահարոնյանը: Հյուրեր կլինեն դեսպանատներից, Սփյուռքի հայկական համայնքներից: «Ավետիս Ահարոնյան» առաջին աստիճանի ոսկե մեդալ կշնորհվի հինգ հայ գործիչների:

Միջոցառման ժամանակ կցուցադրվի «1.500.000+1. Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ավետիսյանի հեղինակած 4 րոպեանոց տեսանյութը` նվիրված Հ.Դինքի հիշատակին: Գրադարանի ցուցափեղկերում կներկայացվեն Հրանտ Դինքին նվիրված` հայաստանյան և սփյուռքի մամուլում հրատարակված հոդվածներ, լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր: Ուշագրավ են Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևաններ», Սոնա Արշունեցու «Ով է սպանել Հրանտ Դինքին» գրքերը, Դինքին նվիրված բանաստեղծությունները:

Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` «Ակոս»-ի խմբագրության դիմաց: Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող 18-ամյա Օգյուն Սամաստը հետաքննության արդյունքում չափահաս է ճանաչվել սպանության պահին: Նիստերից մեկի ժամանակ պարզվել է, որ պատվերի անմիջական կատարողը բոլորովին այլ մարդ է եղել: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայից հեռացել է նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որին նույնպես սպառնում էին սպանել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---