Սամվել Ադամյան.

Հայ աղջիկները պատրաստ են խաղալ ադրբեջանցիների հետ

PanARMENIAN.Net - Այսօր Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի կունենա կանանց ֆուտբոլի 2011 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Խմբերը կարող են ընտրվել 5 զամբյուղներում գտնվող թիմերից` վիճակահանության միջոցով: Նույն զամբյուղից երկու թիմ չի կարող հայտնվել նույն խմբում, բացառությամբ 5-րդ զամբյուղի, որից ամեն դեպքում 2 թիմ իրար դեմ կխաղա: Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականները հայտնվել են 5-րդ զամբյուղում: Այս դեպքում փոքր հավանականություն կա, որ այս երկու հավաքականները կարող են հայտնվել նույն խմբում: Ադրբեջանի հավաքականի հետ հավանական հանդիպման եւ Հայաստանում կանանց ֆուտբոլի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ իր կարծիքն է կիսել Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը:
Դուք պատրա՞ստ եք Ադրբեջանի հետ խաղին, եթե վիճակահանության արդյունքում այնուամենայնիվ նույն խմբում հայտնվեք:

Ճիշտն ասած, ես չեմ հավատում, թե մենք կհանդիպենք, քանի որ մենք արդեն եղել ենք նման անհաջող մի փորձի ականատեսները: Եթե հիշում եք, անցյալ տարի նման վիճակում հայտնվեց երկրի տղամարդկանց հավաքականը: Սակայն խաղերը չկայացան: Եվ, չնայած նրան, որ ՀՖՖ-ի նախագահը Ադրբեջանում խաղալու պատրաստակամություն հայտնեց, մրցակիցները հրաժարվեցին ընդունել մեզ: ՈՒԵՖԱ-ն որոշեց երկու թիմերին պարտություն գրանցել, սակայն ես դա անարդար եմ համարում, քանի որ մենք չենք հրաժարվել խաղալ: Եվ եթե կրկին նույնը կրկնվի, կարծում եմ, ամեն ինչ նորից կխափանվի: Սակայն, կրկնվեմ, եթե մենք հայտնվենք նույն խմբում Ադրբեջանի կանանց հավաքականի հետ, մենք հարյուր տոկոսով պատրաստ ենք խաղալ նրանց հետ: Ինչո՞ւ ոչ: Մենք պատրաստ ենք այդ խաղին ե'ւ հոգեպես, ե'ւ ֆիզիկապես:

Ի դեպ, մեկ անգամ մենք հանդիպել են Թուրքիայի հավաքականի հետ եւ խաղի ընթացքում հաղթում էինք 3-2 հաշվով, սակայն մրցավարի ավելացրած ժամկետում թրքուհիները գոլ խփեցին եւ խաղն ավարտվեց ոչ ոքի: Հանդիպումն անցավ ամենաբարենպաստ հանգամանքներում եւ ոչ մարզական տրամադրվածություն ամենեւին չկար:

Ինչպե՞ս եք պատրաստվելու աշխարհի առաջնությանը, արդեն ծրագրել եք նախապատրաստական միջոցառումներ թե միայն մարզումներ եք անցկացնելու:

Մասամբ ծրագրել ենք, այսինքն ամսաթվերը դեռ հայտնի չեն, սակայն պարտադիր կլինեն ուսումնամարզական հավաքներ: Այդպես մայիսին Երեւանում տեղի կունենա միջազգային մինի-մրցաշար: Սկզբից նախատեսվում էր Մալթայի, Էստոնիայի ու Վրաստանի մասնակցությունը: Սակայն տարբեր պատճառներով պլանները փոխվեցին: Երեւան կժամանեն Էստոնիայի ու Ղազախստանի թիմերը: Ցավոք, 3 խաղի փոխարեն մենք միայն 2-ը կխաղանք: Իսկ այս պահին մեզ համար յուրաքանչյուր խաղ կարեւոր է:

Իսկ Վրաստանի հավաքականի հետ չե՞ք փորձել պայմանավորվել ընկերասկան հանդիպման շուրջ:

Վերջերս նրանք առաջարկեցին անցկացնել ընկերական հանդիպումներ «տանը եւ արտագնա» ձեւաչափով: Դեռեւս սպասում ենք նրանց պաշտոնական առաջարկին: Դա բոլորի համար օգտակար կլինի:

Փորձի կուտակումը որակյալ խաղի կարեւորագույն նախադրայլներից մեկն է, ինչպե՞ս էիք մինչ այժմ փակում այդ բացը:

Այո, մենք նման խնդիր ունեինք: Քանի որ չկային կանանց թիմեր, մենք փորձ ձեռք բերելու հնարավորությունից զրկված էինք: Անցյալ տարի մենք դժվարությամբ լուծեցինք այդ հարցը: Ինչպես գիտեք, տղամարդկանց ազգային հավաքականի մարզիչ Յան Պոուլսենը համակարգում է աշխատանքը բոլոր տարիքային խմբերի հավաքականների հետ: Մենք հանդիպեցինք նրա հետ եւ առաջարկեցինք ընդգրկել մեզ Հայաստանի պատանիների առաջնության կազմում: Միանգամից ասեմ, որ նա կանանց ֆուտբոլի հանդեպ նման մոտեցման կողմնակից չէր, քանի որ Դանիայում շուրջ 100 000 աղջիկ ֆուտբոլիստներ կան, այսինքն նրանք մեծ ընտրության հնարավորություն ունեն եւ երբեք չեն բախվել նման խնդրի հետ: Իսկ մենք ընդամենը 2 թիմ ունենք` «Բանանցն» ու «Քոլեջը»: Սկզբում նա առաջարկեց կիսել այս երկու ակումբները չորս թիմերի եւ շրջանակային մրցաշար անցկացնել: Սակայն դա արդյունք չէր տա: Ի վերջո, մենք պայմանավորվեցինք պատանեկան առաջնությանը մասնակցելու մասին: Դա մեզ մեծ օգուտ տվեց: Մեզ համար կարեւորը ոչ թե արդյունքն էր, այլ մի շարք կարեւոր հարցերի լուծումը, այդ թվում մարտավարական, ֆիզիկական, նաեւ հիմնական կազմի որոշման հետ կապված հարցերի:

Ուրիշ ի՞նչ քայլ են ձեռնարկվում երկրում կանանց ֆուտբոլի զարգացման համար, չէ որ միայն մարզումներով հարցեր չես լուծի:

Անցյալ տարի մենք մասնակցեցինք Մակեդոնիայում անցնող միջազգային մրցաշարին: Մեկնելուց առաջ մենք խոստացանք, որ կհավակնենք միայն հաղթանակի: Շատերը չէին հավատում, թերահավատ էին: Սակայն մենք տրամադրվեցինք ու շատ հաջող ելույթ ունեցանք, հաղթելով երկու խաղում, իսկ երրորդում ոչ ոքի խաղացինք տեղի թիմի հետ եւ դարձանք առաջնության չեմպիոնները: Դա ոչ միայն սեփական ուժերի հանդեպ վստահություն ներշնչեց, այլ մեծ պատասխանատվություն երկրի առջեւ, առավել եւս որ այդ հաջողությունից հետո բոլորը մեզանից միայն հաղթանակ են ակնկալում:

Ի դեպ այդ հաղթանակը խթան հանդիսացավ, որպեսզի ՀՖՖ-ն առաջարկի պրոֆեսիոնալ թիմեր կազմակերպել ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ մարզերում: Արդեն իսկ 9 թիմ է հավաքվել: Հուսով եմ, որ շուտով երկրում տեղի կունենա կանաց թիմերի առաջնություն: Դա շատ կարեւոր քայլ կլինի կանանց ֆուտբոլի զարգացման ու քարոզման գործում: Ես հույս ունեմ, որ մի քանի տարի հետո մենք արդեն կայացած հավաքական կունենանք: Եվ կմտածենք ոչ թե քանակի, այլ որակի մասին:

Քանի՞ աղջիկ է այս պահի դրությամբ զբաղվում ֆուտբոլով Հայաստանում:

Ըստ անցյալ տարվա տվյալների, մենք ունենք 60 աղջիկ: Հավաքականը ձեւավորվեց 2000 թվականին: Ես միայն մեկ տարի է, ինչ գլխավորում եմ հավաքականը: Սակայն երբ ես ստանձնեցի իմ պաշտոնը, թիմը շատ վատ վիճակում էր, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական տեսակետից: Բանը նրանում է, որ երբ 2003թ. առաջին անգամ սկսեցինք մասնակցել պաշտոնական մրցաշարերին, խնդիր էր դրված խուսափել խոշոր հաշիվներից: Սակայն իմ գալուն պես մենք սկսեցինք ջանադրաբար աշխատել եւ տեխնիկական, եւ ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածության վրա: Երկու ամիս անց, մայիսին, մենք մասնակցեցինք Բուլղարիայի միջազգային մրցաշարին, որտեղ հանդիպեցինք Բոսնիայի ու Բուլղարիայի թիմերի հետ եւ բավականին հաջող հանդես եկանք: Շատերը զարմացել էին, որ մեր աղջիկները նման սեղմ ժամկետում սկսել են այդքան գրագետ խաղ ցուցադրել: Ճիշտ է, մենք Բոսնիայի հետ ոչ ոքի խաղացինք եւ տանուլ տվեցինք Բուլղարիային, սակայն ակնհայտ է, որ աղջիկները ներուժ ունեն: Ես ինքս չէի համաձայնվի մարզել թիմը, եթե հեռանկար չտեսնեի:

Արդյոք խնդիրներ չառաջացա՞ն աղջիկների ծնողների կամ ընկերների հետ, հաշվի առնելով հայկական մտածելակերպը:

Իրավացի եք, հայերի համար անսովոր է տեսնել աղջիկ ֆուտբոլիստների: Դեպքեր են եղել, երբ ծնողները դեմ են եղել: Սակայն Մակեդոնիայում մեր վերջին հաջողությունից հետո աղջիկների քանակն ավելացավ: Դրան նպաստեցին ԶԼՄ-ները, որոնք սկսեցին լուսաբանել մեր թիմի խաղերը:

Հայ աղջիկները խաղում են մինչեւ վերջ թ՞ ամուսնությունը խաթարում է նրանց կարիերան:

Ամենաավագը մեր մոտ Նելլի Ստեփանյանն է: Նա 34 տարեկան է: Նա նաեւ միջազգային կարգի մրցավար է: Նա ամուսնացավ 5 տարի առաջ, սակայն չհեռացավ ֆուտբոլից: Այլ ամուսնացածներ չունենք: Եղել են աղջիկներ, որոնցից ես եմ հրաժարվել: Հիմնականում այն աղջիկներից, որոնք արդեն բավական երկար ժամանակ է, ինչ խաղում էին թիմում: Ես մաղեցի թիմը, նոր, երիտասարդ եւ առողջ թիմ հավաքելու համար:

Այսօրվա դրությամբ մենք ֆուտբոլիստ աղջիկներ ունենք, որոնք խաղում են Բեյրութում: Անցյալ տարի նրանք պայմանագիր կնքեցին Բեյրութի թիմերի հետ 2 ամիս ժամկետով, այդ թվում թիմի կապիտանի հետ: Այս տարի մենք հրավեր ենք ստացել: Մի կողմից դա լավ է նրանով, որ նրանք լավ ֆիզիկական մարզաձեւը չեն կորցնում, մյուս կողմից` վատ է, քանի որ ժամանելուց հետո զգացվում է թիմի համաձայնեցված խաղի պակասը եւ նրանք թիմային սխեմայից դուրս են մնում:

Ո՞րն է այդ աղջիկների ֆուտբոլ գալու պատճառը:

Միակ պատճառը նրանց անմնացորդ սերն է այս մարզաձեւի նկատմամբ: Մենք աղջիկ ունենք, որն անընդհատ կրկնում է, որ առանց ֆուտբոլի նա իր կյանքը չի պատկերացնում: Հաճախ մարզումներից դուրս նա գալիս է եւ աշխատում իր վրա:

Ո՞վ է ձեզ օգնում աղջիկներին նախապատրաստելու ժամանակ:

Ես օգնական ունեմ` Լիանա Հայրապետյան: Նախկինում նա թիմից էր, սակայն արդեն երկու տարի է, ինչ զբաղվում է մարզիչի աշխատանքով: Կարծում եմ, առանց նրա օգնության ես չէի կարողանա...

Աղջիկներն այլ զբաղմունք ունե՞ն:

Այո, ոմանք սովորում են բուհերում, սակայն միայն մեկն է սովորում ըստ մասնագիտության` ֆիզկուլտուրայի ինստիտուտում:

Եվ վերջին հարցը: Ինչպիսի՞ն են մեր հավաքականի շանսերը կանանց 2011 թ աշխարհի առաջնության ընտրական փուլում:

Շանսերի մասին կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դեռեւս հայտնի չեն մեր մրցակիցները: Սակայն մեկ բանում վստահ եմ` մենք դուրս կգանք հաղթելու, անկախ նրանից խաղալու ենք Ադրբեջանի թե աշխարհի ցանկացած այլ հավաքականի հետ:
---