Ջասթին Հարման.

Ոչ ոք ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման համար կախարդական փայտիկ չունի

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Իռլանդիան, չնայած որ հեռու են իրարից, ընդհանուր շատ բան ունեն: Հակամարտությունը անգլիացի բողոքականների եւ իռլանդացի կաթոլիկների միջեւ արդեն երկար դարերի պատմություն ունի, ուստի իռլանդացի դիվանագետի տեսակետը ղարաբաղյան հարցի վերաբերյալ հետաքրքիր է Հայաստանի համար: Հայ-իռլանդական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սեփական տեսակետի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Հայաստանում Իռլանդիայի դեսպան Ջասթին Հարմանը:
Հայաստանն ու Իռլանդիան իրարից հեռու գտնվող երկրներ են: Ձեր կարծիքով, ի՞նչն է միավորում նրանց:

Հայաստանն ու Իռլանդիան շատ ընդհանրություններ ունեն: Սկսենք նրանից, որ մեր երկու երկրները մեծ չեն իրենց տարածքով: Եվ դուք, եւ մենք բարդ հարաբերություններ ունենք մեր հարեւանների հետ: Իռլանդացիները մեծ սփյուռք ունեն, ինչպես նաեւ Հայաստանը: Այստեղ ես պետք է ասեմ, որ ԱՄՆ-ի իռլանդացիները շատ լավ են վերաբերում հայ համայնքին, համագործակցում են նրա հետ: Մասնավորապես առավել ակտիվ է համագործակցությունը համայնքների միջեւ ԱՄՆ-ի Արեւմուտքում, Կալիֆորնիայում: Սակայն այնտեղ, ինչպես գիտեք, իռլանդացիներն այնքան էլ շատ չեն, նրանք հիմնականում բնակվում են Ամերիկայի Արեւելյան ափին: Սակայն կապեր կան:

Ինչպիսի՞ն է Իռլանդիայի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում:

Մենք գտնում ենք, որ հակամարտության կարգավորումը կտեւի այնքան, որքան հարկավոր է կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար: Սակայն ռազմական գործողությունների ցանկացած ձեւ նման տիպի հակամարտությունների լուծման հարցում միշտ անարդյունավետ է: Մենք շատ երկար ենք պատերազմել եւ դա խանգարել է խաղաղ գործընթացին: Հակամարտությունը Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ դարերի խորքն է գնում, սակայն 20-րդ դարի 60-ական թվականներին ռազմական գործողություններն առավել կատաղի էին: Եվ դա բոլորովին չէր նպաստում խաղաղ գործընթացին: Մենք միշտ դիտարկել ենք ղարաբաղյան հակամարտությունը հենց այդ տեսակետից: Քանի որ համաշխարհային հանրությունը շահագրգռված է, որ հակամարտությունը հանգուցալուծվի, ստեղծվեց ԵԱՀԿ ՄԽ-ն , որը շատ բան է անում: Սակայն համաձայնության պետք է գան Հայաստանն ու Ադրբեջանը: Ես երեւի, ինքնատիպ չեմ լինի, եթե ասեմ, որ ոչ ոք կախարդական փայտիկ չունի լուծելու համար ղարաբաղյան հակամարտությունը: Պետք չէ մոռանալ նաեւ, որ ԼՂ հարցը ԽՍՀՄ-ից է ժառանգվել: Միեւնույն ժամանակ, ես չեմ կարծում, որ այս իրավիճակը կարող է անվերջ տեւել: Ճիշտ է, բանակցային գործընթացը կախված չէ ժամկետներից, չի կարելի ժամկետ հաստատել: Դա դժվարին քաղաքական ուղի է, որը, հուսով եմ, կբերի հանգուցալուծմանը:

Կա երկու սկզբունք, որոնք խանգարում են հակամարտության կարգավորմանը` տարածքային ամբողջականության սկզբունքը եւ ազգերի ինքնորոշումը: Ո՞րն է առաջնային:

Իրոք, այդ սկզբունքները կան: Սակայն մենք ջանում ենք խուսափել վերացական հարցերի շուրջ բանավեճից: Ըստ մեզ, ավելի լավ է կենտրոնանալ մարդկանց, նրանց իրավունքների, տնտեսական զարգացման խնդիրների վրա: Երբ մենք պնդում ենք սկզբունքների վրա, գործը տեղից չի շարժվում: Իռլանդիայում խաղաղ գործընթացը հնարավոր դարձավ, քանի որ երկու կողմերը պայմանավորվեցին կենտրոնանալ ոչ միայն քաղաքական հարցերի, այլ նաեւ պրագմատիզմի վրա` ինքնակառավարման հարցեր, գործուն կառուցվածքների ստեղծում, հիմնված ոչ թե նախապաշարմունքների, այլ սթափ իրողության վրա: Սակայն ահա թե ինչն է կարեւոր` ոչ այս, ոչ այն կողմը չի պահանջում մերժել Հյուսիսային Իռլանդիայի իր կարգավիճակը որոշելու իրավունքը: Կա երկու տարբերակ` Հյուսիսային Իռլանդիա եւ Մեծ Բրիտանիա (այն, ինչ կա այժմ) եւ երկրի երկու մասերի միավորում: Թե որ տարբերակը մենք կընդունենք, հայտնի չէ, դրա մասին դեռեւս վաղ է խոսել:

Ինչպե՞ս է զարգանում համագործակցությունը մեր երկրների միջեւ

Հայերեն է թարգմանվել իռլանդացի մեծ գրող Ջեյմս Ջոյսի «Ուլիսը»: Ես հանդիպեցի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի հետ եւ մենք պայմանավորվեցինք ուսանողական փոխանակաման մասին: Գիտեք, Իռլանդիայում հայեր կան: Ճիշտ է, նրանք շատ քիչ են եւ հիմնականում աշխատում են համալսարաններում: Մենք շահագրգռված ենք զարգացնել շփումները համալսարանական մակարդակով: 2007 թվականի փետրվարին, երբ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը այցով եղավ Իռլանդիայում, մենք քննարկեցինք մի շարք ծրագրեր, որ կարելի է իրագործել: Իսկ առաջին անգամ ես եղա Հայաստանում 2004 թվականին, երբ իմ հավատարմագրերը հանձնեցի նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
---