Մեթյու Բրայզա.

ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին եւ Թուրքիային հաղթահարել առկա տարաձայնությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպումը դեռեւս երկար քննարկման առարկա կլինի քաղաքական գործիչների եւ հասարակության համար: Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման վերաբերյալ համաշխարհային հանրության հույսերը կրկին չարդարացան, թեեւ որոշակի առաջընթաց գրանցվեց, ինչի մասին վկայում է Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականների այցերը Ստեփանակերտ, Բաքու եւ Երեւան: Բանակցային գործընթացում եւ հայ-թուրքական հարաբերություններում ներկայիս իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպումն անարդյունք եղավ: Ենթադրվո՞ւմ է արդյոք երկխոսության շարունակություն, թե այն կհետաձգվի մինչեւ 2009 թվականը, երկու երկրներում նախագահական ընտրություններից հետո:

Ղարաբաղյան հակամարտության կողմերը էական առաջընթաց են գրանցել վերջին երեք տարիների ընթացքում եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունը գովասանքի է արժանի տարաձայնությունները հաղթահարելու իր խիզախության համար, հիմնվելով խնդրի լուծման սկզբունքների վրա: Մենք ափսոսում ենք, որ պետերբուրգյան հանդիպման ընթացքում առաջընթաց չգրանցվեց, սակայն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Վաշինգտոնը հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ կարգավորման աջակցության գաղափարին: Մենք կոչ ենք անում երկու կողմերին քաղաքական կամք դրսեւորել բանակցությունների առաջխաղացման համար:

Մտադի՞ր է արդյոք ԱՄՆ-ն գործուն միջոցներ ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար

Հայաստանն ու Թուրքիան երկար եւ հարուստ պատմություն ունեն: Երկու երկրների միջեւ հարաբերությունների ապագան պետք է որոշվի Երեւանում եւ Անկարայում: Սակայն ԱՄՆ-ն, որպես երկու երկրների գործընկեր, կոչ է անում կողմերին հաղթահարել տարաձայնությունները եւ նորմալացնել հարաբերությունները:

Հնարավո՞ր է արդյոք, որ ԱՄՆ-ն ինչ-որ կերպ մասնակցի Կարս-Բաքու երկաթուղու շինարարությանը:

ԱՄՆ-ն մտադիր չէ մասնակցել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցմանը:

Որքանո՞վ է արդարեցված Թուրքիայի ներխուժումը Հյուսիսային Իրաք եւ չի նպաստի դա արդյո՞ք Մեծ Մերձավոր Արեւելքի ապակայունացմանը:

ԱՄՆ կառավարությունը դեմ է Իրաքում միակողմանի ռազմական գործողություններին Թուրքիայի կողմից: Մինչդեռ, Վաշինգտոնը ճանաչում է Քրդական աշխատավորկան կուսակցության` PKK-ի կողմից Թուրքիային սպառնացող ահաբեկչական վտանգները եւ Անկարայի ինքնապաշտպանության իրավունքը: Մենք համոզված ենք, որ PKK-ի կողմից ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան, Իրաքն ու ԱՄՆ-ն համագործակցեն, եւ մենք գեներալ Ջոզեֆ Ռալսթոնին նշանակել ենք ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ այդ խնդիրը լուծելու համար:
---