Շահան Քանդահարյան.

Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը արժանի է ընդօրինակման

PanARMENIAN.Net - Լիբանանյան իրադարձությունները միշտ Հայաստանի ուշադրության կենտրոնում են, քանի որ հենց Լիբանանում է Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայ համայնքը: Լիբանանի հայերը, որոնք ապաստանել են այդ երկրում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո, դարձել են այդ երկրի լիիրավ քաղաքացիները եւ կիսում են նրա հետ բոլոր դժվարություններն ու արհավիրքները: Լիբանանում ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Ինչպիսի՞ն է Լիբանանի ներքաղաքական իրավիճակն այսօրվա դրությամբ:

Հարցը կապված է նախագահի թափուր պաշտոնի հետ, ինչը կարող է սրել իրավիճակը: Այնուամենայնիվ, ճգնաժամը շատ ավելի խորն է եւ պայմանավորված է արտաքին ուժերի ազդեցությամբ: Լիբանանի ներքաղաքական խճանկարն ինքնին բավականին բարդ է, առավել եւս, եթե հաշվի առնենք քաղաքական համակարգի դյուրաբեկությունը, որը կառուցված է միջհամայնքային փոխըմբռնման վրա: Լիբանանի պետական ամեն մի հաստատություն, հիմնարկ եւ կառավարելի օղակ հիմնված է համայնքային իրավունքների հասկացողությունից բխած չափաբաժինները հարգելու սկզբունքի վրա: Ուրեմն պետք է պատկերացնել թե որքան միջհամայնքային փոխըմբռնման զգացումների վրա կարող է հենված լինել ամբողջ պետական-քաղաքական համակարգը: Այս ամենը քաղաքական շարժումներ է ստեղծում, մանավանդ, երբ ակտիվ է արտաքին միջամտության գործոնը: Այսօր լիբանանյան խնդիրը առավել միջազգայնացված է: Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի արտգործնախարարները կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաները լիբանանյան կողմի հրավերներին չեն սպասում, Բեյրութ այցելելու համար, որտեղ տիրում է աննախադեպ միջդիվանագիտական եռուզեռ: Լիբանանը միջազգային քաղաքական բաց տարածք լինելու տպավորություն է թողնում: Բարեբախտաբար, համընդհանուր է բախումնային իրավիճակները կանխելու մտադրությունը: Այս մասին են վկայում լիբանանյան հակադիր կողմերի հայտարարությունները:

Ի՞նչ եք կարծում, երկրի նախագահը կընտրվի մոտ ապագայում:

Միջնորդական դիվանագիտական առաքելությունների հետ միասին վերջին օրերին աշխուժացան նաեւ բանակցությունները ներլիբանանյան կողմերի միջեւ: Նախագահի ընտրության համար նախատեսված նիստը հետաձգվում է արդեն 7-րդ անգամ: Պատճառը պարզ է. երբ չկա բազմակողմանի համաձայնություն նախագահի անձի շուրջ, նիստը չի կարող օրինական սկիզբ ունենալ: Առավել եւս, որ իշխանամետ խումբը հայտարարել է բանակի հրամանատար, գեներալ Միշել Սուլեյմանին որպես միասնական թեկնածուի սատարելու մասին: Ըստ Սահմանադրության, պատգամավորների երկու երրորդի ներկայությունն անհրաժեշտ է հատուկ խորհրդարանական նիստը բացելու համար: Բացի իրավական հարցերից կան նաեւ քաղաքական խնդիրներ: Գործող կառավարությունը օրինական ճանաչում չուներ նախագահի կողմից: Կա ընդդիմադիր որոշակի հատված, որը նույնպես խնդրահարույց է դարձնում գործող կառավարության օրինականությունը: Կազմալուծված է սահմանադրական խորհուրդը. հետեւաբար չի գործում երկրի պետական այս կամ այն հաստատությունը օրինական կամ սահմանադրական ճանաչող մեխանիզմը: Մեկնաբանություններն այս առումով զուտ քաղաքականացված են: Խորհրդարանը նախկան բանակի հրամանատարին երկրի նախագահ ընտրելը պետք է սահմանադրական բաերփոխում կատարի: Սահմանադրական բարեփոխման նախագիծն, ըստ իշխանամետ ուժերի, պետք է հաստատվի գործող կառավարության կողմից, իսկ ըստ խորհրդարանի նախագահի, պետք է դրվի ուղղակի խորհրդարանի նիստին: Այս պարագայի համար եւս չկա սահմանադրական մեխանիզմ: Ինչ վերաբերում է քաղաքական համաձայնությանը, որը ճանապարհ է հարթում հարցերի օրինական լուծման համար, ընդդիմադիր շրջանակները արծարծում են փաթեթային համաձայնության անհրաժեշտությունը: Պարզ է, որ նորընտիր նախագահը, խորհրդարանականների հետ պետք է խորհրդակցություն նշանակի վարչապետի եւ նրան աջակցող կառավարության հետ:

Ինչպիսի՞ն է Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը:

Անդրադառնալով լիբանանահայերի դիրքորոշմանը, պետք է ի նկատի ունենալ, որ այստեղ գործում են երեք քաղաքական կուսակցություններ` ՀՅԴ-ն, Ռամկավար-ազատական եւ Հնչակյան կուսակցությունները: Կուսակցությունները տարբեր ուղեգծեր եւ մոտեցումներ ունեն: Սակայն ամեն անգամ, երբ Լիբանանի քաղաքական մակարդակով միջհամայնքային երկխոսության եւ քննարկման միջավայրում հայության անունից ներկայանալու անհրաժեշտություն է առաջանում, երեք կուսակցությունները ազգային-քաղաքական խոհեմություն են ցուցաբերում եւ ներկայանում են միացյալ պատվիրակությամբ, այդպիսով կանխելով հայության քաղաքական շրջանակներում պառակտման երեւույթների շահարկման փորձերը: Լիբանանահայության քաղաքական կեցվածքը ողջ քաղաքացիական պատերազմի ընթացքում օրինակելի է եղել այն առումով, որ մերժվել է ներքաշումը ներլիբանանյան բախումներում եւ միշտ կամուրջի դեր է կատարել ներլիբանանյան կողմերի միջեւ երկխոսության հող պատրաստելու եւ խաղաղ բանակցային գործընթաց կազմակերպելու առումով:

Չնայած որ այսօր բախումնային ապահով վիճակում չենք գտնվում, այսուհանդերձ Լիբանանի քաղաքական դաշտը անմիաբան է, բավական լարված եւ ըստ էության նույնիսկ փակուղային: Այս բեւեռացած մթնոլորտի մեջ լիբանանահայության մասին լիբանանյան տարբեր կողմեր ասում են, թե անկախ որոշակի տարակարծություններից հայ քաղաքական կուսակցությունները գիտեն գերադասել լիբանանյան հայրենիքի շահերը: Էլ չեմ խոսում համահայկական կարեւորություն ունեցող խնդիրներում լիբանանահայերի միասնության մասին, որոնք բազմիցս են դրսեւորվել` ցեղասպանության, ղարաբաղյան հիմնախնդրի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքների, թուրքական գործոնին հակազդելու հարցերում եւ այլն:

Ինչպե՞ս եք գնահատում թուրքական գործոնի դերը Լիբանանում:

Մերձավոր Արեւելքում նկատվում է թուրքական գործոնի ակտիվացում: Վերջերս Լիբանան այցելեցին Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը: Չմոռանանք, որ Թուրքիան իրեն առաջադրել էր մաս կազմելու համար ՄԱԿ-ի բազմազգ խաղաղապահ զորամիավորումներին, որոնք նախանցյալ ամառ Լիբանանի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմից անմիջապես հետո տեղակայվեցին հարավային Լիբանանում: Գործող կառավարությունը վերջերս դիմել էր Թուրքիային, որպեսզի միջնորդական առաքելություն իրականացնի ներլիբանանյան կողմերի միջեւ` երկիրը փակուղուց դուրս բերելու համար: Թուրք արտգործնախարար Ալի Բաբաջանն անձամբ մասնակցել է լիբանանյան դպրոցի բացմանը եւ հանդիպումներ է ունեցել լիաբանանյան քաղաքական տարբեր անձերի հետ: Այս երեւույթը պետք է դիտարկել միջին արեւելյան տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության գոտին ընդլայնելու ձգտումների տեսակետից: Թե ինչպե՞ս կիրականանան դրանք, ի՞նչ մակարդակով հաջողություններ կգրանցեն, դեռեւս հարցական է:
---