Դեննիս Սանդոլե.

Այն ամենն, ինչ կատարվում է Հարավային Կովկասում, արվում է Թուրքիայի եւ Ռուսաստանի անվտանգության ամրապնդման համար

PanARMENIAN.Net - Վերջին իրադարձությունները Կովկասում հիմնավորապես փոխեցին աշխարհաքաղաքականությունը եւ արդեն ավանդական դարձած միաբեւեռությունը: Որքան էլ դա ծանր լինի ԱՄՆ-ի համար, աշխարհը բազմաբեւեռ է դառնում եւ այստեղ փոքր չէ նաեւ այժմյան ֆինանսական ճգնաժամը, որը ԱՄՆ-ին, եւ ողջ աշխարհը, կործանման եզրին է հասցրել: PanARMENIAN.Net-ին ստեղծված իրավիճակը մեկնաբանում է ԱՄՆ Ջորջ Մեյսոնի Բախումնաբանության եւ միջազգային հարաբերությունների համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Դեննիս Սանդոլեն:
Որքանով է հավանական ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների լույսի ներքո

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով: Սակայն չկան զուգահեռներ, ասենք, Կոսովոյի անկախության հռչակման եւ Լեռնային Ղարաբաղի ճանաչման միջեւ: Սրանք միանգամայն տարբեր բաներ են: Այժմ աշխարհում նոր իրավիճակ է: Ռուսաստանն իր բարդ հարաբերություններվ Լեհաստանի ու Չեխիայի հետ ՀՀՊ-ի պատճառով, նոր սառը պատերազմի ծավալման հնարավորությունը: Գլոբալ առումով հակամարտությունների կարգավորումը ամրապնդում է բոլոր տարածաշրջանների անվտանգությունը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխմանը, ապա կարծում եմ, որ Թուրքիան կարող է միջնորդ հանդիսանալ հակամարտության կարգավորման գործում: Նա կարող է առավել արդյունավետ միջնորդ լինել, քան ԵԱՀԿ ՄԽ-ն: Համանախագահները կարող են օգնել միայն այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ -որ դիվիդենդներ ստանան խնդրի լուծումից:

Որքանո՞վ է կարեւորվում Թուրքիայի դերը Կովկասի տարածաշրջանում:

Թուրքիան կարեւոր գործընկեր է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի համար: Ես հիանալի հասկանում եմ, որ շատ հայերի համար Թուրքիան թշնամի է: Սակայն իրականում դա այնքան էլ ճիշտ չէ եւ Աբդուլլահ Գյուլի այցը դրա օրինակն է: Թուրքիան էներգետիկ անվտանգություն է ուզում, որի համար նա պետք է բացի հայ-թուրքական սահմանը: Ես կարծում եմ, որ եթե իրադարձությունները հետագայում եւս այսպես զարգանան, ապա փակ սահմանի անհրաժեշտություն այլեւս չի լինի: Եկել է խիզախ մտածելու ժամանակը` Թուրքիան եւ Հայաստանը պետք է պարզաբանեն 1915թ. իրադարձությունների հետ կապված տեսակետները եւ նորմալ հարաբերություններ հաստատեն: Այս առումով Հայաստանի մերձեցումը Թուրքիայի հետ կթուլացնի ՀՀ կախվածությունը Ռուսաստանից:

Սերժ Սարգսյանի հրավերը կոչ էր` դրդելու Թուրքիային հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացմանը: Ես համոզված եմ, որ անկախ ցեղասպանության խնդրից, սահմաններից, ՀՀ-ն պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:

Ի՞նչ նշանակություն ունի իրականում Կովկասի տարածաշրջանն ԱՄՆ-ի համար:

Կովկասն, ի տարբերություն Բալկանների, որոշիչ ռազմավարական նշանակություն չուներ ԱՄՆ-ի համար: Այսպես էր մինչ Քլինթոնի նախագահ դառնալը: Սակայն Բուշի օրոք վերաբերմունքն ու հետաքրքրությունը Կովկասի հանդեպ նվազեց: Սակայն ով էլ դառնա ԱՄՆ-ի նոր նախագահ` Բարակ Օբաման թե Ջոն ՄըքՔեյնը, Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականությունը կփոխվի:

Եթե նախագահ դառնա Բարակ Օբաման, մենք դինամիկա կունենանք, դրական տեղաշարժ, կչեզոքանան այն գործոնները, որոնք նպաստում են սառը պատերազմի վերսկսմանը: Այդ դեպքում կարող է նախագահի անձնական դեսպան նշանակվել, որը կզբաղվի Հարավային Կովկասի խնդիրներով: Չի բացառվում, որ դա կարող է լինել նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը: Եթե ընտրվի հանրապետական ՄըքՔեյնը, վերաբերմունքն այս տարածաշրջանի հանդեպ կմնա նույնը կամ կվատանա: Կա տեսություն, ըստ որի Սահակաշվիլին իր գործողություններով ցանկանում էր բարձրացնել ՄըքՔեյնի ԱՄՆ-ի նախագահ դառնալու շանսերը, սակայն ես չեմ կարծում, որ ճգնաժամը Կովկասում ինչ-որ կերպ կարող է ազդել ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա` ամերիկացիներին այժմ բոլորովին այլ խնդիրներ են հուզում:

Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը:

Այժմ Արեւեքլի ու Արեւմուտքի միջեւ նոր անջրպետ է առաջացել: Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, հարձակվելով Օսեթիայի վրա, գիտեր, որ տանուլ է տալու: Սակայն նա ցանկանում էր, որ տարածաշրջանի բոլոր երկրներն ու միջազգային հանրությունը առավել լուրջ վերաբերվեն սառեցված հակամարտություններին, քանի դեռ իրավիճակը ավելի չի վատթարացել: Սահակաշվիլիի հարձակումը Հարավային Օսեթիայի վրա Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Թուրքիային, ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին ուղղված արթնանալու կոչ էր: Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները չեն կարող օգտագործել սառեցված հակամարտությունները իրենց ներքին նպատակների համար:

Կարելի է ենթարդրել, որ իրադարձությունները հետեւյալ զարգացումը կարող են ունենալ: Ադրբեջանի նախագահ Ալիեւը, բնականաբար, չի վարակվի իր վրաց գործընկերոջ «խենթությամբ», իսկ Թուրքիան կստանձնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ուղիներ որոնելու անհրաժեշտությունը Բաքվին պարզաբանելու դերը:

Այժմ այն ամենն, ինչ կատարվում է Հարավային Կովկասում, արվում է Թուրքիայի եւ Ռուսաստանի անվտանգության ամրապնդման համար: Այս պետությունները այժմ զգում են տարածաշրջանի երկրների կարիքը: Կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման Թուրքիայի նախաձեռնությունը հուշում է, որ ռուս-վրացական հակամարտության ալիքի վրա նոր գործընթացներ են առաջանում, ստեղծելով տարածաշրջանում կառավարման նոր մեխանիզմ: Թուրքիայի առաջարկը ոչ այլ ինչ է, քան Կայունության ծրագիրը, որ իրականացրեց ԵՄ-ն Բալկաններում:
---