Ալեքսանդր Սոտնիչենկո.

Տարածաշրջանի խաղաղ զարգացման մեջ բոլորից շատ շահագրգռված են Կովկասի ժողովրդները

PanARMENIAN.Net - Կովկասի տարածաշրջանը գնալով ավելի է գրավում քաղաքական գործիչների ուշադրությունը, ինչը զարմանալի չէ տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերջին փոփոխությունների լույսի ներքո: Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը, Թուրքիայի նախաձեռնությունները եւ Ադրբեջանի նախագահի առաջիկա ընտրությունները մի շարք հարցեր են արծարծում, որոնք գնալով ավելի այժմէական են դառնում: PanARMENIAN.Net-ի համար տարածաշրջանում ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Սանքտ Պետերբուրգի Պետական համալսարանի միջազգային հարաբերություների բաժնի դոցենտ, Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի հետազոտական կենտրոնի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Սոտնիչենկոն:
Կարելի՞ է ասել, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դեմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Ոչ, անշուշտ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն հուսով են, որ ղարաբաղյան հակամարտությունը կհանգուցալուծվի եւ հայ-թուրքական հարաբերություններ կհաստատվեն, սակայն, գտնում են, որ կարգավորումը պետք է ընթանա իրենց մասնակցությամբ: Արեւմուտքի երկրներին ու կազմակերպություններին, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն շահավետ է սեփական ակտիվ մասնակցությունը Կովկասում տարբեր հակամարտող կողմերի միջեւ հարաբերությունների հաստատմանը, իրենց ազդեցությունը տարածաշրջանում տարածելու նպատակով:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Կոսովոյի եւ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի «նախադեպությունն» այն առումով, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն խոսում են այն մասին, որ մյուս հակամարտությունները պետք է այլ կերպ կարգավորվեն, մասնավորապես, ղարաբաղյան եւ մերձդնեստրյան հակամարտությունները:

Քանի որ բացակայում է համընդհանուր ճանաչում ստացած միջազգային իրավունքի հիման վրա համաշխարհային քաղաքականությունը կարգավորող միջազգային հարաբերությունների համակարգը, իրադարձությունները տարբեր կողմերից մեկնաբանվում են ուժի եւ սեփական շահի դիրքերից: Աշխարհում 1991 եւ 2001թթ. հետո այնպիսի հասկացություններն, ինչպիսիք են «պետական ինքնիշխանությունը», «ազգերի ինքնորոշման իրավունքը», շատ անգամ համաշխարհային տերությունների կողմից միակողմանիորեն են մեկնաբանվում: Մերձդնեստրը եւ Լեռնային Ղարաբաղը կարող են միջազգային ճանաչում ստանալ միայն այն դեպքում, եթե նրանց ղեկավարության եւ ժողովրդի անկախության ձգտելու կամքը համընկնի միջազգային հարաբերությունների մեկ կամ մի քանի նշանակալից խաղացողների արտաքին քաղաքականության ռազմավարության հետ եւ հակազդեցություն չստանա այդ հայտարարության հակառակորդների կողմից: Լեռնային Ղարաբաղի դեպքն այստեղ օրինակելի է` ես չեմ տեսնում ոչ մի մեծ տերություն, որին ձեռնատու լիներ ճանաչել այդ տարածքի անկախությունը:

Արդյո՞ք կենսունակ կլինի Կովկասի կայունության պլատֆորմը:

Դա կախված է նրանից, թե որքանով են նախագծի մասնակիցները պատրաստ վստահել միմյանց, «բաց» խաղալ: Որպես կանոն, կողմերը պատրաստ են գնալ այնպիսի համագործակցության, որի արդյունքում հնարավոր կլինի ետ կանգնել սեփական ազգային շահերից միայն ընդհանուր հակառակորդի առկայության եւ տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության պայմաններում: Գլոբալ ֆինանսական եւ էներգետիկ ճգնաժամի պայմաններում Կովկասի երկրները կարող են գալ այնպիսի համաձայնության, որը կարող է նպաստել հարաբերությունների հաստատմանը խանգարող հակամարտությունների կարգավորմանը, ապահովել փոխշահավետ տնտեսական համագործակցության զգալի աճ: Հայաստանը կարող է պաշտոնապես հրաժարվել Թուրքիայի հանդեպ տարածքային եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջներից: Անկարան չի համաձայնվի ոչ Կարսի ու Արդահանի կագավիճակի քննարկմանը, ոչ էլ Ցեղասպանության փաստի ճանաչմանը: Ի պատասխան Թուրքիան կարող է վերանայել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, բացել սահմանը Հայաստանի հետ, ինչը շահավետ կլինի երկու կողմերին: Նման նախադեպ գրանցվել է Սիրիայի դեպքում` հենց որ Դամասկը ճանաչեց Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ հրաժարվեց Հաթայ նահանգի հանդեպ իր հավակնություններից, որը միացվել էր Թուրքիային 1938թ. հանրաքվեի արդյունքում, նպաստեց Սիրիայի տարածքից Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների արտաքսմանը, հարաբերությունները երկրների միջեւ այնքան բարելավվեցին, որ մի շարք հարցերում դարձան նույնիսկ դաշնակցային, էլ չասած տնտեսական հարաբերությունների բազմակի աճի մասին: Ներկայումս Անկարան որպես միջնորդ է հանդես գալիս սիրիա-իսրայելյան կարգավորման հարցում, ինչը ձեռնատու է երկու կողմերին: Հուսով եմ, որ Կովկասի երկրներն ու ժողովրդները կկարողանան հաղթահարել պատմական անհանդուրժողականությունը միմյանց հանդեպ եւ բանակցությունների արդյունքում փոխշահավետ քաղաքական եւ տնտեսական համագործակցություն կհաստատեն:

Ինչպե՞ս եք պատկերացնում կովկասյան տարածաշրջանի հեռանկարները:

Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով են Կովկասի պետություններն ու ժողովրդները պատրաստ բարեկամական կապեր հաստատել հարեւանների հետ եւ դադարել օվկիանոսից այն կողմ նայել` օգնություն ակնկալելով տարածաշրջանին չպատկանող պետություններից: 2008թ. հակամարտությունը ցույց տվեց, որ Վաշինգտոնի ուժերը սահմանափակ են, դրանում է նրա պատմական նշանակությունը: Եթե Ռուսաստանը որպես միջնորդ հանդես գա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, իսկ Թուրքիան օգնի հանգուցալուծել հակասությունները Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ, եթե Կովկասի երկրներրը կողմնորոշեն իրենց քաղաքական եւ տնտեսական ռազմավարություններն ու կապերը տարածաշրջանի ուղղությամբ, այլ ոչ թե դրանից դուրս, ապա հնարավոր կլինի ակնկալել խաղաղության հաստատում փոխշահավետ պայմաններով: Այլ բան է, եթե մի շարք պետություններ կողմնորոշվեն ԱՄՆ-ի վրա, ինչպես դա անում է Վրաստանը, ապա հնարավոր են նոր հակամարտություններ: Եթե Վրաստանը շուտով անդամակցի ՆԱՏՕ-ին եւ այնտեղ տեղակայվեն ամերիկյան զորքեր, ապա սպառնալիքը Կովկասում արդեն գոյություն ունեցող կայունության համար էական կլինի: Կբարձրանա լարվածությունը ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ հարաբերություններում, հնարավոր է հակամարտության բորբոքում, որին կամա թե ակամա մասնակից կդառնան նաեւ Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը: Վրաստանը ձգտում է վերադարձնել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ապստամբած հանրապետությունները ԱՄՆ-ի օգնությամբ` ուստի, հնարավոր է նոր պատերազմ:

Կարելի է արդյոք զուգահեռներ անցկացնել Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի իրավիճակների միջեւ, ավելի կոնկրետ` ղարաբաղյան եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունների միջեւ:

Ես զգալի զուգահեռներ այս հակամարտությունների միջեւ չեմ տեսնում: Արաբների եւ հրեաների միջեւ հարաբերություններում չափազանց մեծ է կրոնական գործոնը: Ակնհայտ է, որ Իսրայելին սատարում է միակ գերտերությունը` ԱՄՆ-ն: Չեմ կարծում, որ նման զուգահեռների անցկացումը կարող է օբյեկտիվ գործոն հանդիսանալ այս դեպքում:

Ձեզ չի՞ թվում, որ այնքան էլ կոռեկտ չէ լուծել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը նրա մեջքի ետեւում, միաժամանակ խոսելով «արդար լուծման» մասին: Որքանո՞վ են նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները ճիշտ արտահայտում իրողությունը:

Ես կարծում եմ, որ արդար կլինի այն որոշումը, որը առավելագույնս կբավարարի հակամարտության լուծման բոլոր շահագրգիռ կողմերին: Միջազգային իրավունքում արդարութայն գաղափարը բացակայում է, առավել եւս մեր ժամանակներում, երբ պետությունների անկախությունը խախտվում է ամեն վայրկյան: Անշուշտ, սահմանները ժողովրդների, հանրապետությունների եւ մարզերի միջեւ ԽՍՀՄ-ում անց են կացվել ոչ թե ելնելով արդարությունից, որն, ի դեպ, տարբեր կերպ է ընկալվում տարբեր մարդկանց կողմից կախված նրանց ինքնությունից, այլ կայսրության շահերի տեսակետից կամ ղեկավարության սխալ քաղաքականության արդյունքում: Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ինչպես ԽՍՀՄ մյուս ժողովրդներին, ոչ ոք չի հարցրել անցկացված սահմանների արդարացիության մասին: Փաստորեն, Կովկասի բոլոր ժողովրդները հնարավարություն ստացան տնօրինել իրենց ճակատագիրը 1991թ. խորհրդային կայսրության փլուզման հետ: Կովկասի ժողովրդները համառորեն սկսեցին վերաձեւել Մոսկվայի պաշտոնյաների գծած սահմանները, որի արդյունքում, ԽՍՀՄ փլուզումից 17 տարի անց մենք ունենք առնվազն երեք չճանաչված հանրապետություններ, ազգամիջյան բախումների տասնյակ հազարավոր զոհեր, հարյուր հազարավոր փախստականներ, փլուզված ենթակառուցվածքներ, արդյունաբերական ձեռնարկություններ, գյուղատնտեսություն: Համաշխարհային պատմության մեջ արդեն բազմիցս են եղել նախադեպեր, երբ մի ժողովուրդ փորձել է արդարություն հաստատել մյուս ժողովրդների հաշվին: 1991թ. Կովկասում իշխանության եկան ազգայնականները, որոնք արդարության մասին մտածում էին միայն իրենց ժողովրդների համատեքստում: Այդ քաղաքականության կործանիչ արդյունքները մեզ լավ հայտնի են: Տարածքային, ազգային եւ կրոնական խնդիրները Կովկասում կարելի է լուծել միայն այն դեպքում, եթե երկխոսության բոլոր մասնակիցները գիտակցեն ընդհանուր քաղաքական եւ տնտեսական շահերի առկայությունը, փոխզիջումների, բազմակողմ հանդիպումների եւ պայմանավորվածությունների անհրաժեշտությունը: Պետք է հիշել, որ տարածաշրջանի խաղաղ զարգացման մեջ ամենից շատ շահագրգռված են Կովկասի ժողովրդները, քանի որ պատերազմները, ահաբեկչությունն ու անհրաժեշտ ապրանքների համար փակ սահմաններն անցնում են իրենց ճակատագրով, այն դեպքում, երբ բոլոր այդ խնդիրները դրսի մասնակիցների համար լոկ առիթ են ամրապնդվելու համար տարածաշրջանում միջնորդական առաքելության միջոցով: Եթե Կովկասում խաղաղություն հաստատվի, ոչ ոք իր տարածքում ամերիկյան ռազմակայաններ տեղակայելու կարիք չի ունենա:
---