Դենիս Սամուտ.

Մայնդորֆի հռչակագիրը լավ հիմք կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերի համար

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը իր գոյության ողջ ընթացքում կարողացավ թույլ չտալ հակամարտության ռազմական լուծում: Մայնդորֆի հռչակագրում հիմնական շեշտը դրվում է հակամարտող կողմերի միջեւ վստահության միջոցների հաստատման վրա, սակայն առաջխաղացում այս հարցում դեռեւս չի երեւում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Consortium Initiative-ի գործադիր ղեկավար կոմիտեի նախագահ Դենիս Սամուտը:
Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի Իտալիայում արված վերջին հայտարարությունն այն մասին, թե «Ադրբեջանը իրավունք ունի ինքը լուծել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը»:

Ես լսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի իտալական RAI հեռուստաալիքին տված հարցազրույցը: Ինչ կարող եմ ասել` դա նույնն է, ինչ նա ասում էր որոշ ժամանակ առաջ, ոչ մի նոր բան: Consortium-ի դիրքորոշումն անփոփոխ է` ղարաբաղյան խնդրի միակ լուծումը խաղաղ կարգավորումն է եւ Մոսկովյան հռչակագիրը հենց դա է արտացոլում: Խաղաղ կարգավորումը մեծ հեռանկարներ ունի: Ուստի մենք բարձր ենք գնահատում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագիրը եւ կարծում ենք, որ դա լավ հիմք կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ապագա քայլերի համար:

Որքանո՞վ է ադրբեջանական հասարակությունը պատրաստ շփվել հայ հանրության հետ, եթե հաշվի առնենք հակահայկական քարոզչությունը Բաքվի ԶԼՄ-ներում:

Թշնամու կերպարի» խնդիր կա Ադրբեջանում, սակայն լինենք անկեղծ, այն կա նաեւ Հայաստանում, սակայն դա հաղթահարելի է, այդ ուղղությամբ պետք է մեծ աշխատանք տարվի, երկու երկրների կառավարություններն ու հասարակությունները պետք է համագործակցեն այս հարցում: Սակայն նաեւ հեշտ է հոռետես դառնալ այս խնդրի լուծման հարցում: Ես եղել եմ բազում իրավիճակներում, երբ հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներ հասարակության տարբեր շերտերից եւ նրանք գտել են խոսակցության թեմաներ: Մոսկովյան հռչակագիրն վկայում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների կարեւորության մասին: Consortium Initiative-ը, որին անդամակցում են International Alert, Conciliation Resources, LINKS-ը, 2003թ. ի վեր աշխատում է հենց այդ ուղղությամբ ՈԿԿ-ի տարբեր ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, պաշտոնյաների հետ: Մենք կարծում ենք, որ գործունեության դաշտ ունենք հետագա աշխատանքի համար, եւ մենք կցանկանայինք, որ այդ աշխատանքը զարգանար Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների եւ միջազգային հանրության աջակցությամբ:

Ընդունո՞ւմ են արդյոք ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ձեր առաջարկները եւ եթե այո, ապա հատկապես ինչպես: Դուք տեսնո՞ւմ եք դրանց իրականացումը:

Մենք ընդլայնված խորհրդակցություններ անցկացրեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահների, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների հետ: Consortium Initiative-ը որոշ կոնկրետ ու շատ գործնական առաջարկներ է ուղարկել ԵԱՀԿ ՄԽ-ին այն մասին, թե ինչ կարելի է անել ղարաբաղյան գործընթացում հաջորդ շաբաթներին ու ամիսներին: Ես ոչ մի կասկած չունեմ, որ դրանք լրջորեն կքննարկվեն, եւ ես հուսով եմ, որ մենք շուտով կկարողանանք տեսնել դրանց արդյունքները:

Չի ձգձգվի արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչպես դա եղավ պաղեստինա-իսրայելյան հակամարտության դեպքում:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը չափազանց երկար է տեւում եւ դա վատ է բոլորի համար: Նրանք, ով ասում է թե ժամանակն աշխատում է այս կամ այն կողմի օգտին, հիմարներ են: Ամեն անցած օրը կորած է բոլորի համար, քանի որ մարդիկ են տառապում հակամարտության երկու կողմերից: Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք շուտով տեսնել առաջընթացը եւ բոլոր նրանք, ով ներգրավված է այդ գործընթացում, այսպես թե այնպես պետք է զբաղվեն դրանով առավել ակտիվ եւ, կարեւորը, անհապաղ:
---