Քաղաքականությունը Հարավային Կովկասում պոկեր է հիշեցնում

Ալեքսեյ Վլասով.

Քաղաքականությունը Հարավային Կովկասում պոկեր է հիշեցնում

PanARMENIAN.Net - Վերջին գործընթացները Հարավային Կովկասում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության գոտում տարբեր տեսակի կանխատեսումների և մեկնաբանությունների թեմա են դարձել: Իսկ եթե դրան հավելենք հայ-թուրքական կարգավորման ձախողված գործընթացը, ապա իրավիճակը տարածաշրջանում գնալով ավելի է լարվում: Տարածաշրջանի իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել ՄՊՀ իրավաբանական բաժնի դեկանի տեղակալ Ալեքսեյ Վլասովը:
Ինչպիսի՞ն կարող է լինել ինտերնետ լրատվամիջոցների դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Ելնելով հակամարտության ներկա վիճակից, ես հեռանկարային եմ համարում շփումների հաստատումը ինտերնետ-հաղորդակցության միջոցով: Հեռանկարում դա թույլ կտա ընդլայնել վստահության շրջանակը հայ և ադրբեջանցի հասարակությունների միջև: Երիտասարդության շրջանում կարելի է ստեղծել ավելի հանդուրժողական մթնոլորտ: Ինչպես տեսնում ենք, և Մոսկվայում, և ասյտեղ` Մինսկում, և այլ վայրերում հայերն ու ադրբեջանցիները հանգիստ շփվում են միմյանց հետ: Հասկանալի է, որ յուրաքանչյուրը պաշտպանելու է իր դիրքորոշումը, նրանք պետք է դա անեն, սակայն խնդիրը նրանում է, որ չհատվի այն սահմանը, որը հանգեցնում է ավելորդ բախումների: Հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ների թվում կան դրական օրինակներ, երբ տեղեկատվությունն ընկալվում է հանգիստ և կոռեկտ, օրինակ, ինձ դուր է գալիս PanARMENIAN.Net գործակալությունը, իսկ ադրբեջանականներից`«Թրենդ» գործակալությունը: Նման օբյեկտիվ հարթակներում է ի վերջո ստեղծվում փոխզիջումը:

Ինչպե՞ս լինել մի իրավիճակում, երբ արհեստականորեն հասարակության մեջ ուռճացվում են հակահայկական և հակաադրբեջանական տրամադրությունները` ինչպե՞ս կարող են նման իրավիճակում այդ հասարակությունների ներկայացուցիչները շփման եզրեր գտնել և խոսել միմյանց հետ:
Ազգայնամոլական տրամադրությունների աճ է նկատվում ոչ միայն Հայաստանում և Ադրբեջանում, այլ, օրինակ, Արևելյան Եվրոպայում, ընդհանրապես դա գլոբալ գործընթաց է: Պետք է սովորել, պաշտպանելով սեփական շահերը, թշնամու կերպար չստեղծել հարևաններից: Այսինքն հակամարտությունը պետք է լուծվի պետական մակարդակով, իսկ ատելություն հայերի ու ադրբեջանցիների միջև չպետք է լինի: Դրան կարող է նպաստել ժողովրդական դիվանագիտությունը,. Փորձեր արդեն եղել են: Այն քայլերը, որ ուղղված են փոխգործակցության թեկուզ նվազագույն ընդլայնմանը, պետք է ձեռնարկվեն նաև ինտերնետ տարածությունում: Երբ ստեղծվի հայ և ադրբեջանցի երիտասարդների շփման առաջին կայքը և այն զերծ կլինի փոխադարձ մեղադրանքներից, այն ժամանակ ես կասեմ, որ լուրջ բեկում է գրանցվել Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման գործում:

Այժմ հաճախ հայերն ու ադրբեջանցիները հանդիպում են երրորդ երկրներում: Որքանո՞վ է դա արդյունավետ` թե հարկավոր է տեղում աշխատել:
Ներկա գտնվելով նման հանդիպումներին, ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ դրանք զուր են անցնում: Ես գտնում եմ, որ ադրբեջանցիները պետք է այցելեն Հայաստան, իսկ հայերը` Ադրբեջան: Մենք աշխատում ենք մի նախագծի վրա, որի համաձայն հայ քաղաքագետները կկարողանան ժամանել Բաքու և հանդիպել իրենց գործընկերների հետ և հակառակը: Հաջողության դեպքում դա բեկում կլինի: Անկեղծորեն ցանկանալով, որ խաղաղություն հաստատվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ես հասկանում եմ, որ հանդիպումներն երրորդ երկրներում առաջընթացի չեն նպաստում:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը Սանկտ Պետերբուրգում:
Նախագահ Ալիևի հայտարարություններն, կարծում եմ, ուղղված էին ոչ այնքան Հայաստանին, որքան միջնորդներին: Միջնորդները հաճախ հակասում են իրենք իրենց: Կարծես թե բոլորը առանձին վերցրած խաղաղություն են ցանկանում,սակայն երբ սկսում են ուրվագծել ղարաբաղյան կարգավորումը, առաջանում է շահերի տարբեր ուղղվածության բախում: ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն 15 տարի է աշխատում է այդ ուղղությամբ, սակայն մինչ օրս տեսանելի արդյունքներ չկան: Ես հասկանում եմ Ադրբեջանի ղեկավարությանը, քանի որ գոյություն ունեն Մադրիդյան սկզբունքներ և կողմերը պետք է հստակ իրենց դիրքորոշումը հայտնեն, իսկ համակարգողները պետք է նպաստեն դրան: Վաշինգտոնն այժմ ծանր շրջան է ապրում Հայ-թուրքական արձանագրությունների ձախողման հետ կապված, ուստի ամերիկացիները դադար են առել:

Ադրբեջանական ԶԼՄ-ներում մշտապես խոսակցություն է գնում այն մասին, որ հարցը պետք է լուծվի ռազմական ճանապարհով: Հայաստանում պետական մակարդակով նման բան չկա: Ինչպիսի՞ն է հակամարտության հանգուցալուծման հեռանկարը պետական պաշտոնյաների նման հայտարարությունների լույսի ներքո:
Լավ ասացվածք կա` վատ խաղաղությունը լավ վեճից լավ է: Ինձ թվում է, որ երբ քաղաքական գործիչները նման կոշտ հայտարարություններ են անում, նրանք ուրվագծում են հնարավորի սահմանը, սակայն դա չի նշանակում, թե նրանք պատրաստ են արդեն այժմ, վաղը կամ մյուս օրը ծայրահեղ քայլերի դիմել: Պետք է հասկանալ, որ տեղեկատվական պատերազմ է գնում, ուստի ադրբեջանական կողմից շատ կոշտ հայտարարություններ են արվում: Հայկական կողմից Ղարաբաղի վերաբերյալ նման հայտարարություններ չկան, սակայն եղան Արձանագրությունների առումով` դա օգտագործվում է որպես ճնշման միջոց: Հարկավոր է հասկանալ, որ քաղաքականությունը Հարավային Կովկասում պոկերի է նման: Յուրաքանչյուրն ունի իր խաղաթղթերը, սակայն հաճախ բանակցողները փորձում են ճնշում գործադրել միմյանց վրա, ցույց տալու համար, թե ինչի են իրենք պատրաստ: Սակայն կա որոշակի կրիտիկական կետ, երբ պարզ է դառնում, որ խոսակցությունները սպառել են իրենց և այն ժամանակ հարց է ծագում` ինչպես վարվել, որ բանակցություններն իրենց արդարացնեն: Գուցե պետք է բարձրացնել մոդերատորների պատասխանատվության հարցը` նրանք միշտ պետք է երկխոսության դինամիկա ստեղծեն` չվերածելով այն դատարակ խոսակցությունների, ուստի ես հուսով եմ, որ միջնորդները կկարողանան կատարել իրենց այդ դերը:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
---