ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎԻՆ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ԱՄԵՆ ԻՆՉՈՎ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ներկայիս համանախագահների աշխատանքը բավարարում է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովին, սակայն ոչ ամեն ինչով: Այս ամսին Վ.Կազիմիրովը հայտնել է «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում: «Չէի ցանկանա ծերունու պես փնթփնթալ եւ թերագնահատել նոր սերնդին: Սակայն ոչ միայն կողմերը, այլեւ միջնորդները զգալիորեն շեղվել են Բուդապեշտում բարձր մակարդակով Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունված ԵԱՀԿ առավել կոնկրետ որոշումներից: Մինչեւ 1997 թվականը ընթանում էր ծանր, երբեմն տանջալից, խափանումներով աշխատանք կողմերի հետ: Սակայն` բավական կանոնավոր բանակցությունների ժամանակ: Սակայն` հակամարտության բոլոր կողմերի հետ: Սակայն` համաձայնագրի` իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթի կոնկրետ տեքստ մշակելու համար: Իսկ հետո, իբր, թեթեւացրին իրենց աշխատանքը` անցան համաձայնության միայն ուրվագծերի որոնմանը»,- նշել է ռուս դիվանագետը: Նրա խոսքերով` «երեք ուրվագծային տեքստեր թաղվեցին»: «Ընտրեցին նոր ձեւ. թող բանակցեն երկու նախագահները: Ավելի քան 20 հանդիպում, իսկ արդյո՞ւնքը... Հետո մեկուկես տարվա ընդմիջում` գումարած բոլոր քարտերի խառնում նոր նախագահի համար: Արդեն ետեւում է եւս մեկուկես տարի: Արդյո՞ւնքը: Ո՛չ փաստաթուղթ կա, ո՛չ ուրվագիծ, ո՛չ էլ բանակցություն: Իջան ընդհանուր կոնսուլտացիաների մակարդակի` նախարարների հազվադեպ հանդիպումների ժամանակ: Իսկ նախագահները փնտրում են խոշոր ֆորումներ, որտեղ կարելի է հանդիպել, իբր, պատահաբար (որ սպասելիքներ չլինեն)...»,- նկատել է նա: «Ահա թե ինչի վերածվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Եվ այն պատճառով, որ համանախագահները զբաղված են թվում է թե շատ կարեւոր, բայց իրենց համար ոչ ամենագլխավոր գործով»,- ընդգծել է Վլկադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով` յուրաքանչյուր շրջադարձում նրանք այդ գործընթացը փրկում են կողմերի քմահաճույքներից, կարծես այն իրենց ավելի է պետք, քան հենց կողմերին, կողմերը ներկայացնող ժողովուրդներին: Պետք է դադարել «ամեն գնով» փրկել գործընթացը, կողմերն իրենք պետք է սովորեն գնահատել այն: Ապա թե ոչ` ընդմիջում տալ, մինչեւ «հասունանան», հայտարարել է ռուս դիվանագետը: «Պետք չէ վախենալ, որ ինչ-որ մեկն իր վրա կվերցնի կարգավորման գործընթացը եւ կհասնի դրան: Թող փորձեն: Կոնկրետ առաջարկներ այստեղ շարադրել չի ստացվի, առաջին հերթին` դրանք բուդապեշտյան որոշումներն են, նաեւ «ապահովական ծրագիրը» (երկուսն էլ տեղադրված եմ իմ կայքում)»,- եզրափակել է նա:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---