ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԸ ՈՐՈՇԵԼ Է «ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՆԱԼ»

PanARMENIAN.Net - Ֆիլիպ Կիրկորովը հրաժարվում է Երեւանում կայանալիք համերգներից: Այդ մասին երգիչը հայտարարել է հինգշաբթի օրը: Նա իր շոույով պետք է հանդես գար ապրիլի 7 եւ 8-ին` Հայաստանում լայնորեն նշվող Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ: Սակայն երկրի շուրջ 30 երիտասարդական կազմակերպություններ կոլեկտիվ նամակ են հղել հյուրախաղերի կազմակերպիչներին համերգների անցկացումը թույլ չտալու խնդրանքով: Որպես հիմնավորում ուղերձում նշված է այն փաստը, որ «Կիրկորովը ունի հակահայկական եւ նույնիսկ թուրքամետ դիրքորոշում եւ , բացի այդ, վերջերս հրապարակայնորեն վիրավորել էր հայ լրագրողուհուն»: Երգչի խոսքերով, նա ջանացել է «երբեք չպարտադրել իրեն ոչ ոքի», չի պատրաստվում դա անել նաեւ հետագայում: «Եթե ինձ չեն ցանկանում տեսնել եւ լսել Երեւանում, ուրեմն դա չի լինի»,-հավաստիացրել է դերասանը: Սակայն նա չի թաքցրել, որ իր երակներում հոսող հայկական արյունը այս դեպքը առանձնահատուկ է դարձնում: «Տասը տարի առաջ մենք Ալլա Պուգաչովայի հետ հանդես ենք եկել Հայաստանում,-հիշեցրել է Ֆիլիպը:-Այժմ ես պետք է առաջին անգամ հանդես գայի մենահամերգով, սակայն հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես չեմ կարողանա օգտվել այդ հնարավորությունից»,-նկատել է Կիրկորովը: «Առնվազն անհեթեթ է բացատրել, որ դերասանի երգացանկը կազմվում է ամենեւին էլ ոչ ըստ ազգային պատկանելության` խելացի մարդիկ այնպես էլ դա հասկանում են»,-ասել է երգիչը: Ինչ վերաբերվում է Իրինա Արոյանի հետ միջադեպին, ապա, ըստ Կիրկորովի, նա արդեն ներողություն է խնդրել եւ այդ հարցը համարում է սպառված: Կիրկորովը համոզված է, որ «արվեստը չպետք է քաղաքականացված լինի, այն կոչված է մարդկանց բարություն, գեղեցկություն եւ խաղաղություն բերելու»: Ըստ ամենայնի, նման կարծիքի են նաեւ Երեւանի շատ բնակիչներ: Ինչպես հայտնի է դարձել, համերգի տոմսերը սպառված են: «Սակայն համերգները չեն կայանա»,-հաստատել է Կիրկորովը: «Ես նույնիսկ չէի ենթադրում, որ նման նշանակալի անձ եմ Հայաստանի համար,-խոստովանել է երգիչը:-Կարծում էի կգամ Երեւան, կերգեմ, հաճույք կպատճառեմ հանդիսատեսին, իսկ ահա թե ինչ ստացվեց` պարզվում է, չի կարելի ինձ թույլ տալ մուտք գործել հանրապետություն, առավել եւս հայոց ցեղասպանության 90-ամյակի նախօրեին: Իսկ եթե ինչ-որ բան պատահի, հենց ինձ էլ կարող են մեղադրել: Ես էլ մտածեցի. չեմ բորբոքի կրքերը եւ սկանդալներ հրահրի, այլ ուղղակի կինքնամեկուսանամ` մեղքից հեռու: Այնպես որ Երեւան հյուրախաղերի ես չեմ գնա»,-ամփոփել է երգիչը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---