ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան կոչ է արել գործընկերներին ստորագրել պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին ուղղված մի նամակ, որում ուշադրություն է հրավիրվում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության խոչընդոտների վրա: Որպես այդպիսիք մատնանշվում են թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը, Հայաստանի շրջափակումը եւ Կիպրոսի օկուպացումը, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: «Մեր ընդհանուր պատմության մեջ քիչ ողբերգություններ են փաստված այնքան հանգամանալից, որքան 1915-23 թթ. Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի դառը ճակատագիրը: ... Կարծում ենք, միայն Օսմանյան կայսրության ցեղասպան ժառանգությունը ճանաչելով` Թուրքիան կարող է ամբողջությամբ շրջվել դեպի ազգերի համայնքը»,-ասվում է նամակում: Նամակում ասված է նաեւ, որ «չնայած Միացյալ Նահանգների եւ Եվրամիության դատապարտումներին` Թուրքիան, ոտնահարելով միջազգային իրավունքը, արդեն տասներկու տարի շարունակում է շրջափակման ենթարկել Հայաստանը»: Նշված է, որ այդ քաղաքականությունը հակասում է Եվրամիության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի շահերին, որը ցանկանում է օգնել Հարավային Կովկասի երկրներին «մնալ անկախ եւ դառնալ Միացյալ Նահանգների ժողովրդավարական, կայուն եւ բարգավաճ գործընկերներ»: Մինչ օրս Ջիմ Կոստայի նամակին միանալու պատրաստակամություն են հայտնել Մայքլ Բիլիրակիսը, Էդ Մարքին, Քարոլին Մալոնին, Ֆրենկ Փալոունը, Ջորջ Ռադանովիչը եւ Ադամ Շիֆը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---