ԼՂՀ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղը թմրանյութերի տարածման համար տարանցիկ ճանապարհ չի հանդիսանում

PanARMENIAN.Net - Օրերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը եւ ԼՂՀ ոստիկանության վարչության ղեկավար Արմեն Իսագուլովը նամակ են ուղղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական, ԱՄՆ Պետդեպարտամենտի թմրանյութերի միջազգային շրջանառության ռազմավարական վերահսկողության վարչության ղեկավար Էնն Պատերսոնին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նամակում մասնավորապես ասվում է. «Բարձր գնահատելով եւ ողջունելով Ամերիկայի Միացյալ Նահանգների ներդրումը ժողովրդավարական սկզբունքների խաղաղ հարաբերությունների հաստատման գործում, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետեւողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում` ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների համար մեծ նշանակություն ունեցող հարցի վրա:



Անցյալ ամսում լույս տեսած ԱՄՆ Պետդեպարտամենտի Թմրանյութերի միջազգային շրջանառության ռազմավարական վերահսկողության վարչության 2006 թվականի զեկույցում, ի տարբերություն մյուս տարիների, երբ ղարաբաղյան իշախանությունների բացատրությունների արդյունքում փոխըմբռնում էր գրանցվել այդ հարցում, Լեռնային Ղարաբաղը եւ նրա վերահսկողության տակ գտնվող տարածքները նորից նշվում են որպես տարանցիկ ճանապարհ թմրանյութերի տարածման համար:



Չկասկածելով, որ այդ սխալ տեղեկությունները տրամադրվել են Ադրբեջանի կողմից, որը հայկական կողմի վարկաբեկումը դարձրել է պետական քաղաքականություն, կատեգորիկ անհամձայնություն ենք հայտնում այն կապակցությամբ, որ չնայած Լեռնային Ղարաբաղի իշխանությունների` համապատասխան միջազգային կազմակերպություններին ուղղված հատուկ մոնիթորինգային խումբ ուղարկելու առիթով հնչած բազմաթիվ կոչերին հետեւող համապատասխան քայլերի բացակայությանը, այդ կարգի հեղինակավոր զեկույցում օգտագործվում են չճշտված տվյալներ: Ակնհայտ է, որ այդպիսի անհիմն մեղադրանքների դիմելով` Ադրբեջանը հուսով է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը կսկսի ընդունել որպես անկառավարելի, օրենքից դուրս գտնվող տարածք:



Այդ կապակցությամբ ամբողջ պատասխանատվությամբ վստահեցնում ենք Ձեզ, որ Լեռնային Ղրաբաղը թմրանյութերի տարածման համար տարանցիկ ճանապարհ չի հանդիսանում ոչ միայն Ադրբեջանի կողմից շարունակվող բլոկադայի պատճառով զարգացած տրանսպորտային հաղորդակցական համակարգի բացկայության, այլեւ ԼՂՀ իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքի շնորհիվ»:



Նամակում նաեւ հիշատակվում է այն փաստը, որ 2005 թվականի հունվար-փետրվար ամիսներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղում է եղել ԵԱՀԿ փաստերի հայտնաբերման առաքելությունը, որը ավելի քան երեսուն փորձագետ եւ դիվանագետ էր ընդգրկում: Ինչպես նշվում է նամակում, առաքելության կազմած զեկույցում չի հիշատակվում նման կարգի եւ ոչ մի բացասական փաստ:



Նամակի հեղինակները ԼՂՀ իշխանությունների անունից եւս մեկ անգամ փորձագետների հատուկ մոնիթորինգային խումբ ընդունելու պատրաստակամություն են հայտնում, որը կկարողանա անկախ եզրակացություն տալ, եւ «անկեխծորեն հավատում են, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հնարավորություն կունենա համոզվելու վերը նշվածի ճշմարտացիության մեջ եւ կվերանան խաղաղ գործընթացը էլ ավելի բարդացնող հարցերի շուրջ եղած անհանգստությունները»:



Նամակի պատճենը ուղղարկվել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, ԵԱՀԿ Մինսի խմբի ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մաննին, Թմրանյութերի վերահսկողության ազգային վարչության տնօրեն Ջոն Ուոլթերսին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---