Հրադադարի ռեժիմի պահպանման համար միայն քաղաքական կամք է պահանջվում

PanARMENIAN.Net - ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ առաջարկը, որն արվեց ԵԱՀԿ Մսնսկի խմբի համանախագահներ` Ռուսաստանի եւ Շվեդիայի կողմից, ստորագրեցին Հայաստանի պաշտպանության նախարար Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Ս.Բաբայանը եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ.Մամեդովը: Այն ուժի մեջ մտավ 1995թ. փետրվարի 6-ին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, համաձայնագիրն իմպրովիզացիայի արդյունք չէր: «Նրա մեխանիզմը կետ առ կետ քննարկվել էր հակամարտության կողմերի առաջին դեմքերի հետ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելել էին Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ, եւ միայն դրանից հետո փետրվարի 3-ին փաստաթուղթն առաջարկվեց ստորագրության համար: Կողմերի պատրաստակամության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ բոլոր երեք ստորագրությունները դրվեցին հաջորդ իսկ օրը: Եվս մեկ օր անց, ինչպես նախատեսվում էր, կայացավ կառավարական կապի հեռախոսների փոխանակում, որոնցով, ինչպես նաեւ բաց ֆաքսերով ռազմական գերատեսչությունները պետք է կանոնավոր կապ պահպանեին միմյանց հետ միջադեպեր առաջանալու ժամանակ»,-նշել է ռուս դիվանագետը:



Վ.Կազիմիրովն ընդգծեց, որ չի կարելի պնդել, թե այս համաձայնագիրը կփրկեր բոլոր միջադեպերից: «Սակայն ուղիղ շփումները հակամարտող կողմերի զինվորականների միջեւ թույլ էին տալիս մեղմել իրավիճակը, արագ համապատասխան միջոցներ ձեռնարկել տեղերում, ներգրավել միջնորդներին, խուսափել միջադեպերի օգտագործումից քարոզչության մեջ: Դա կատարելու համար չէր պահանջվում ոչինչ, քաղաքական կամքից բացի»,-ասել է նա:



Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ առաջարկները Վլադիմիր Կազիմիրովն ուղղել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Հեյդար Ալիեւին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին 1995 թվականի փետրվարի 3-ին: Կողմերի համաձայնությունն այդ առաջարկի վերաբերյալ ստացվել է 1995 թվականի փետրվարի 4-ին բոլոր հակամարտող կողմերի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---