Ռուսաստանը կարող է մեծ դեր խաղալ Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության բարելավման հարցում

PanARMENIAN.Net - Մոսկվայում բավականին ինտենսիվ բանակցություններ կայացան, քննարկվել են բանակցային գործընթացի ընթացքում առաջացած մի շարք խնդիրների համատեքստում համանախագահների կողմից առաջարկված մի շարք գաղափարներ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Կայացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների հարցով կառուցողական եւ արդյունավետ մտքերի փոխանակում: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կողմերից յուրաքանչյուրն ընմիջում է վերցնում մինչեւ հոկտեմբերի 24-ը, որպեսզի վերլուծության ենթարկվեն քննարկված գաղափարները»,- ասել է նա:



Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է հակամարտությունը կարգավորել մինչեւ 2006 թվականի վերջը, ինչպես դա ենթադրում են մեծ ությակի երկրները, նկատել է, որ «պետք չէ ինչ-որ ժամանակացույց ունենալ, քանի որ սա բավականին լուրջ եւ նուրբ հարց է, սակայն պետք է ջանալ առաջ շարժվել բանակցային գործընթացում»:



«Բանակցությունների գլխավոր առարկա է հանդիսանում կարգավորման հիմնական սկզբունքների հարցը, եւ համանախագահների առաջարկները հիմնվում են արդեն մշակված սկզբունքների վրա, որոնք երկար տարիներ քննարկվում են` Պրահայի գործընթացի շրջանակներում: Մեր խնդիրն է գտնել այն նուրբ հավասարակշռությունը, որի հիման վրա մենք կարող ենք շարժվել առաջ: Մենք համաձայնեցրել ենք հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, սակայն կան երկու չհամաձայնեցված սկզբունք, որոնց շուրջ մենք աշխատում ենք: Քննարկվել են հենց այդ չհամաձայնեցված հարցերը»,- նկատել է Մամեդյարովը:



«Մենք գտնում ենք, որ Ռուսաստանը մեր եւ' քաղաքական, եւ' տնտեսական գործընկերն է, մեր հարեւանն է: Կասկած չկա` նա պետք է կարեւորագույն դերերից մեկը խաղա կարգավորման համատեքստում: Մենք տեսնում ենք, որ այս ուղղությամբ Ռուսաստանը ցանկություն ունի Ադրբեջանին եւ Հայաստանին ընդհանուր հայտարարի բերել, որպեսզի մենք կարողանանք անցնել կարգավորման առաջին փուլին: Անկասկած, այսպիսի բարդ հակամարտությունը անհնարին է մի անգամից կարգավորել, դա պետք է կատարել փուլ առ փուլ: Եւ ամենավերջին տարրը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է հաստատվի, դա վստահությունն է, որը հսկայական նշանակությունի ունի, եւ այդ համատեքստում Ռուսաստանը կարող է մեծ դեր ունենալ»,- ընդգծել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, հայտնում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---