Հեյկի Տալվիտիե. ԵԱՀԿ-ն հուսով է, որ ընտրություններն Հայաստանում կանցնեն միջազգային չափանիշներին համաձայն

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ներկայացնելով այցի արդյունքները` Տալվիտիեն տեղեկացրեց, որ առաջիկա օրերի ընթացքում համակարգելու է Հայաստանում ԵԱՀԿ բազմաթիվ առաքելությունների աշխատանքը: Այդ կապակցությամբ զրուցակիցները մտքեր փոխանակեցին ընտրությունների քարոզարշավի, առհասարակ, նախընտրական իրավիճակի վերաբերյալ: Պրն. Տալվիտիեն փոխանցեց ընտրությունները օրենքի տառին եւ ոգուն համապատասխան անցկացնելու ԵԱՀԿ գործող նախագահի ակնկալիքները:



Կողմերը նաեւ քննարկեցին Կոսովոյի անկախության հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ միջազգային հանրության արձագանքը: Խոսելով գործող նախագահի, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի ս.թ. փետրվարի 25-ին Հայաստան կատարելիք այցի մասին, Տալվիտիեն նշեց, որ այցը եւս մեկ վկայությունն է այն կարեւորության, որ տրվում է Ֆինլանդիայի կողմից տարածաշրջանին եւ առկա հակամարտությունների կարգավորմանը: ԵԱՀԿ գործող նախագահը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանում ընթացող զարգացումները:



Զրույցի ավարտին տեղի ունեցավ մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նշվեց բանակցությունները ներկայացված առաջարկության հիման վրա շարունակելու անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---