Հայաստանի խորհրդարան. Արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ հրամանագիրն անհրաժեշտ էր եւ իրավաչափ

PanARMENIAN.Net - Մարտի 2-ին Հայաստանի խորհրդարանի 60 պատգամավորների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու Ազգային ժողովի որոշման նախագիծը` ԱԺ հայտարարությունը, մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ԱԺ որոշման նախագծում, որը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, ասված է.



«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, անհանգստություն հայտնելով տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, դատապարտելով

մարտի 1-ին մայրաքաղաքում խժդժությունների հրահրումը հայտնի ուժերի կողմից, որի արդյունքում վնասվածքներ են ստացել մի քանի տասնյակ քաղաքացիներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, իսկ մայրաքաղաքը կրել է զգալի բարոյական եւ նյութական վնաս,

ատելության եւ չարության քարոզչությունը քաղաքական գործընթացներում,

երկրի կայունությունը, միջազգային վարկը եւ ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն,



կարեւորելով

մայրաքաղաքում կարգուկանոնի վերահաստատումը, բնականոն կյանքի վերականգնումը,

մարդկանց կյանքին ու գույքին սպառնացող վտանգի չեզոքացումը,

քաղաքական խնդիրների լուծումը երկխոսության հիման վրա,

իրավական, մասնավորապես ընտրական գործընթացներին վերաբերող խնդիրների լուծումը երկրի Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան,

հանդուրժողականության հարգումը` որպես հասարակության մեջ պառակտումների բացառման հիմք,

Անհրաժեշտ եւ իրավաչափ է համարում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թ. մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հաստատելու մասին,

Զսպվածության եւ ողջամտության կոչ է անում մեր քաղաքացիներին այս բարդ իրավիճակը հնարավորինս արագորեն հաղթահարելու, երկիրը բնականոն ընթացքի վերադարձնելու համար:



Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը քվեարկության դրեց ԱԺ որոշման նախագիծը, որը միաձայն ընդունեցին ԱԺ արտահերթ նիստին ներկա 81 պատգամավորները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---