Պիտեր Սեմնեբի. Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ռաուլ Լուցենբերգերը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդատուներ Անդրեյ Դիդենկոն եւ Ռասա Օստրաուսկայտեն, ինչպես նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, : Անդրադարձ է արվել Հայաստանի ետընտրական գործընթացներին, մասնավորապես, չարտոնված հանրահավաքի արդյունքում օրեր առաջ մայրաքաղաքում հրահրված անկարգություններին, այդ ամենի հետեւանքով երկրում առաջացած լարվածությանն ու իրավիճակի հանգուցալուծման հնարավորություններին: Ստեղծված իրավիճակում, ըստ ԵՄ հատուկ ներկայացուցչի, բոլոր կողմերը պետք է պատասխանատվություն հանդես բերեն եւ միջոցներ ձեռնարկեն այս վիճակից դուրս գալու, հասարակության մեջ պառակտվածությունը չխորացնելու եւ քաղաքական երկխոսության միջոցով խնդիրը հանգուցալուծելու համար: «Մենք ցանկանում ենք Հարավային Կովկասի երկրներն ավելի ու ավելի մոտեցնել Եվրամիությանը եւ պատրաստակամ ենք անել հնարավորն այդ ուղղությամբ»,- ասել է Պիտեր Սեմնեբին:



Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վճռական է տրամադրված եւ գտնում է, որ զանգվածային անկարգություններ հրահրածները` քրեական հանցագործություններ կատարածները, միանշանակ, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նա վերահաստատել է Հանրապետության հրապարակում հնչեցրած իր ելույթում արված համագործակցության պատրաստակամությունը, նշելով, որ այդ նպատակով, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվում են բանակցությունները, կան դրական արձագանքներ, եւ առաջիկա օրերին դրանց արդյունքներն ակնհայտ կլինեն. «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Հայաստանի զարգացումն ու նրա քաղաքացիների բարեկեցությունը, մեր երկրի կայունությունն ու հզորացումը, մենք պատրաստ ենք նրանց հետ համագործակցելու եւ պատրաստ ենք բաց, ուղիղ, շիտակ խոսակցության»,- ասել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---