Վուկ Երեմիչ. Սերբիան երբեք չի ընդունի Կոսովոյի անջատվելու փորձերը

PanARMENIAN.Net - Սերբիան երբեք չի ընդունի Կոսովոյի անջատվելու փորձերը եւ շարունակելու է ձեռնարկել բոլոր իրավական, դիվանագիտական եւ քաղաքական միջոցները իր ինքնավարության պաշտպանության համար: Այդ մասին հայտարարել է Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը, ելույթ ունենալով Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:



Նա հաղորդել է Խորհրդի անդամներին, որ փետրվարի 17-ից հետո, երբ միակողմանի կարգով հռչակվեց տարածաշրջանի անկախությունը, իրադրությունը տարածաշրջանում վատթարացել է եւ այն գնալով բարդանում է վերահսկման համար: Նախարարը գտնում է, որ միայն Անվտանգության խորհրդի 1244 բանաձեւի լիարժեք կատարումը թույլ կտա կանխել հետագա ապակայունացումը: Նա նաեւ նախազգուշացրել է` չփորձել փոխանցել որեւէ մեկին Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության գործառույթները:



Վուկ Երեմիչը կոչ է արել Անվտանգության խորհրդին պաշտպանել Սերբիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը: Նա մեղադրել է այն պետություններին, որոնք ճանաչել են տարածաշրջանի անկախությունը, նրանում, որ նրանք խախտում են միջազգային հարաբերությունների համակարգը եւ կոչ է արել նրանց վերանայել իրենց որոշումը: «Այն քսանից ավելի պետությունները, որոնք ճանաչել են Կոսովոյի ալբանացիների անջատումը, իրենց ներդրումն են ունեցել այն բանում, որ միջազգային հարաբերությունների համակարագն ավելի անկայուն է դարձել, վտանգավոր եւ անկանխատեսելի»,- հայտարարել է նախարարը:



Իր հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին Ռուսաստանի պատվիրակությունը տարածել է Նախագահող երկրի հայտարարության նախագիծը, որում առաջարկում է ՄԱԿ-ի հովանու ներքո Կոսովոյի կարգավորման իր ծրագիրը: Ըստ դրա Պրիշտինան եւ Բելգրադը պետք է փոխշահավետ որոշման հանգեն` տարածաշրջանի կարգավիճակի առումով:



Լրագրողների հետ զրույցում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ ճանաչել «վիրտուալ իրականությունը», որը ծնվել է Կոսովոյի անկախության հռչակման արդյունքում: Ռուսաստանի դեսպանը հայտնել է, որ իր պատվիրակությունը բավարարված է, որ ընդունել է Սերբիայի խնդրանքը եւ նիստ է անցկացրել Կոսովոյի հարցով, որի ժամանակ Սերբիայի անդամները կարողացան նորից ծանոթանալ Բելգրադի դիրքորոշմանը:



Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռուսաստանի կողմից առաջարկված նախագիծը չի համապատասխանում նոր իրականությանն ու Խորհրդի մի շարք անդամների դիրքորոշմանը:



Կոսովոյի հարցով խորհրդակցությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սկսվել են մարտի 11-ին, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---