ԱՄՆ-ն պետք է սկզբունքայնություն ցուցաբերի եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Կալիֆոռնիայից կոնգրեսական, Հանրապետական կուսակցության անդամ եւ Կոնգրեսի հայկական խմբի անդամ Էդ Ռոյսը հանդես է եկել բաց նամակով, որում, մասնավորապես, ասվում է. «Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը պաշտոնապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Որպես նահանգային սենատոր, նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի օգնությամբ, ես դարձա Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի կողմից ընդունված` Հայոց Ցեղասպանությունը ճանաչող առաջին բանաձեւի հեղինակը: Կոնգրեսում Ջորջ Ռադանովիչը, Ջիմ Ռոգանը եւ ես, երկու կուսակցությունների աջակցությամբ, կարողացանք հաջողությամբ անցկացնել Հայոց Ցեղասպանության առաջին բանաձեւը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հետագայում Ադամ Շիֆը իմ եւ ուրիշների օգնությամբ կարողացավ անել նույն բանը: Սակայն անկախ այն բանից` նախագահ էր Բիլ Քլինթոնը,թե Ջորջ Բուշը եւ թե ով է խոսնակը` Դենիս Հասթերթը, թե Նենսի Փելոսին, Թուրքիայի կառավարության բողոքների ազդեցությունը եղել է նույնը: Ցեղասպանության բանաձեւը, որ մենք անցկացրինք արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, մշտապես ձախողվում է Թուրքիայի կառավարության կողմից: Չի կարելի թույլ տալ Թուրքիայի կառավարությանը կանգնեցնել այս բանաձեւի ընդունումը, քանի որ ցեղասպանության հարցը խիստ կարեւոր է: 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունը ձեռնարկեց հայ ժողովրդի բնաջնջումը: 1915-1923 թվերն ահավոր էին: Մեկուկես միլիոն հայ կոտորվեց, իսկ 500 հազարը տեղահանվեցին իրենց հայրենիքից: Այս ութ տարիների ավարտին Անատոլիայի եւ Արեւմտյան Հայաստանի հայ բնակչությունը, փաստորեն, վերացվել էր, եւ սա 20-րդ դարի ամենամութ էջերից մեկն է:





Ոմանք, ընդունելով հանդերձ Օսմանյան կայսրության դերը հայերին սպանելու գործում, կասկած են հայտնել ցեղասպանության հարցում` համարելով մարդկանց տեղահանումը որպես պարզապես մարդկանց տեղափոխում մի վայրից մյուսը:



Հենրի Մորգենթաուն`1913-1916թթ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանը, այդ ամենը այլ կերպ է գնահատել: Իր հիշողություններում Մորգենթաուն գրում է, որ թուրքերը ,երբեք էլ որեւէ մտադրություն չեն ունեցել հայերին բնակեցնելու նոր երկրումե` իմանալով, որ ,նրանց բացարձակ մեծամասնությունը կզոհվի սովից ու ծարավից կամ կսպանվի վայրի անապատի մահմեդական ցեղերի կողմիցե:



Ես այստեղ հիշատակում եմ Մորգենթաուի խոսքերը, որովհետեւ նա իր աչքերով է տեսել հայերի նկատմամբ կատարված գազանությունները, եւ թուրքերը նրան ասել են, որ իրենք շատ լավ հասկանում են, որ հայերի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել: Թուրքերը ոչ միայն գիտեին, թե ինչ էին անում, այլեւ ազատորեն խոսում էին դրա մասին: Բայց 80 տարի անց էլ շատերը չեն ցանկանում ճանաչել այս կոտորածը որպես ցեղասպանություն:



ԱՄՆ-ը տարիներ շարունակ եղել է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկը: Սակայն Հայոց Ցեղասպանության հարցում մենք շատ հետ ենք մնացել: Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Գերմանիայի եւ նույնիսկ Ռուսաստանի կառավարությունները ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը` ճիշտ ձեւով: Որպես մարդու իրավունքների համաշխարհային առաջամարտիկ` ԱՄՆ-ի համար հրամայական է սկզբունքայնություն ցուցաբերել եւ ճանաչել հայերի բնաջնջումը:



Սակայն այսօր պակաս կարեւոր չէ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը որպես այդպիսին: Դրան հաջորդած խուլ լռությունը ճանապարհ հարթեց մի ամբողջ դարի համար, որի ընթացքում տեղի ունեցան ցեղասպանություններ Եվրոպայում, Աֆրիկայում եւ Ասիայում: Չնայած Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, հայերի կոտորածի վրա աչք փակելը օգտագործեց Հիտլերը, որը հարցրել էր իր բանակի շտաբի պետին. «Ո՞վ է այսօր հիշում նրանց բնաջնջումը»:Այն քննադատների համար, ովքեր ասում են, թե մենք չպիտի անդրադառնանք պատմությանը, ես պատասխանում եմ, որ ավելի դժվար է վաղվա օրը ճիշտ իրագործելը, եթե մենք երեկվա օրը չենք շտկում:



Աշխարհի կարողությունը` դիմակայել այսօրվա սպանություններին ավելի է ուժեղանում այսօրվա, բայց նաեւ երեկվա պատասխանատվությամբ: Այն թուլանում է երեկվա գործողությունների համար պատասխանատվության կանչելու ժխտումով: Հայոց Ցեղասպանությունը որպես այպիսին չճանաչելը հենց դա է նշանակում»,- ասվում է կոնգրեսական Ռոյսի նամակում, հաղորդում է Երկիրը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---