Հայաստանի ԱԳՆ-ն շարունակելու է աջակցություն ցույց տալ Արցախի դիվանագիտական ծառայության հետագա զարգացմանը

PanARMENIAN.Net - Փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը հուլիսի 23-ին մասնակցեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջույնի խոսքով դիմելով նիստի մասնակիցներին` փոխարտգործնախարար Կիրակոսյանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ դիվանագետների անունից շնորհավորեց Արցախի գործընկերներին եւ ժողովրդին ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ստեղծման 15-ամյակի կապակցությամբ:Անդրադառնալով ԼՂՀ ԱԳՆ անցած ուղուն` Արման Կիրակոսյանը նշեց, որ այն ստեղծվել է ծանր պայմաններում, սակայն լիովին կայացած կառույց է, եւ Հայաստանի արտգործնախարարությունը շարունակելու է ամենայն աջակցություն ցույց տալ Արցախի դիվանագիտական ծառայության հետագա զարգացմանը: Նա նաեւ կարեւորեց հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման ճանապարհին համատեղ գործունեությունը եւ ծրագրերի իրականացումը:



ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը մասնակցեց նաեւ Ասկերան քաղաքում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:



Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ երկու ԱԳՆ-երի աշխատանքային խորհրդակցություն, որում քննարկվեցին տեղեկատվական քաղաքականության բնագավառում համագործակցության ուղիները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---