ԱՄՆ-ի վարչակազմը քննարկո՞ւմ է Պարսից ծոցում պատերազմ սկսելու սցենարը

PanARMENIAN.Net - Պուլիտցերի մրցանակի դափնեկիր, The New Yorker-ի լրագրող Սեյմուր Հերշը պատմել է, որ վերջերս ամերիկյան վարչակազմի պաշտոնյաները հավաքվել են փոխնախագահ Դիկ Չեյնիի նստավայրում քննարկելու համար Իրանի դեմ հնարավոր զինված հակամարտության օրինականացման հնարավորությունը:



Հերշի աղբյուրը վարչակազմում հաղորդում է.«Քննարկման առարկա էր casus belli-ի ստեղծումը Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմի համար»: Հերշը կարծում է, որ Օրմուզի նեղուցում վերջերս տեղի ունեցած միջադեպից հետո, երբ իրանական մոտորանավակները քիչ էր մնացել կրակ բացեին ԱՄՆ-ի նավերի ուղղությամբ, վարչակազմը հասկացավ, որ ամերիկյան հանրությունը կսատարի Իրանի դեմ զինված ուժերի գործողություններին, այն դեպքում, եթե դա բավականաչափ ծանրակշիռ արդարացում ունենա:



Ըստ Հերշի տվյալներին, ամենաթեժ քննարկվող գաղափարներից մեկը հետեւյալն էր` ԱՄՆ ծովային հետեւակի հատուկ ստորաբաժանումներին հագցնել իրանական զինվորական համազգեստ եւ սադրանք կատարել ԱՄՆ նավատորմի դեմ նեղուցում:



Հերշն ասել է.«Քննարկվել են շուրջ մեկ տասնյակ տարբեր գաղափարներ: Նրանցից ամենահետաքրքիրն այն է, թե ինչու չկառուցել 4-5 արագաշարժ մոտորանավակներ` Օրմուզի ներղուցում Իրանի կողմից օգտագործվողների նմանությամբ: Դրանից հետո նստացնել այնտեղ իրանական համազգեստ հագած կոմանդոսներին ու կրակ բացել»:



Ըստ լրագրողի, գաղափարը մերժվել է, քանի որ նման սցենարի դեպքում ամերիկացիները կարող են սպանել ամերիկացիների: Այնուամենայնիվ, լրագրողները հիշեցնում են, որ Իրաք ներխուժելուց առաջ Բուշի վարչակազմն ակտիվորեն քննարկում էր նման տիպի սադրանքները, որի իրականացման համար պետք է ներգրավվեին ԱՄՆ ՌՕՈՒ-ի ինքնաթիռները` ներկված ՄԱԿ-ի գույներով: Այն ժամանակ այդ գաղափարից եւս հրաժարվեցին նման պատճառներով: Ամերիկացիները երկար գլուխ չկոտրեցին այդ հարցի վրա եւ պատերազմ սկսեցին առանց որեւէ պատրվակի, հաղորդում է MIGnews-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---