Հրաձգությունը Ցխինվալում դադարել է, սակայն քաղաքի բնակիչները վախենում են, որ հարձակումները կվերսկսվեն մութն ընկնելուն պես

PanARMENIAN.Net - Ցխինվալի բնակիչները դուրս են գալիս նկուղներից, որտեղ թաքնվում էին վրացի զինվորականների գնդակներից: Ներկա պահին հրաձգությունը դադարել է: Հարավային Օսեթիայի մայրաքաղաքի էլեկտրականությունը վերականգնված չէ, չկա նաեւ ջուր եւ գազ: Հարավային Օսեթիայի պաշտպանության նախարարության աշխատակիցների խոսքերով, Ցխինվալում վրացական ռազմական ստորաբաժանումներ չեն մնացել: Կամավորները սկսել են վիրավորներին փնտրել:



«Որոշ վայրերում մարդիկ չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ շենքերի փլատակներից: Բայց առաջին հերթին պետք է տեղական հիվանդանոցի փլատակները հետախուզել. ռմբակոծության ժամանակ հիվանդների եւ բժիշկների մի մասը թաքնվել են նկուղային հարկում, նրանց ճակատագիրը դեռեւս անհայտ է: Բացի այդ, մարդասիրական միջանցքի բացման դեպքում անհրաժեշտ է մարդկանց տեղեկացնել մեկնելու հնարավորության մասին»,-ասել է աշխարհազորայիններից մեկը: Բայց եւ այնպես, շատ բնակիչներ շարունակում են թաքնվել նկուղներում. շատերը գնալու տեղ չունեն, նրանց տներն ու բնակարանները ավերված են: Ոմանք փորձում են իրենց տները հասնել, որպեսզի տաք շորեր, հագուստ եւ դեղամիջոցներ վերցնեն, բայց հետո հետ են վերադառնում: Ցխինվալացիները վախենում են, որ հարձակումները կվերսկսվեն մութն ընկնելուն պես: Նկուղներում թաքնվածների մեջ շատ են կանայք, ծերերն ու երեխաները: «Խուճապ չկա , բայց շատերը շոկի մեջ են: Մի քանի ժամվա ընթացքում նախկին սովորական կյանքը ավիրվեց. քաղաքը ավերակների է վերածվել, շատերը օթեւանից են զրկվել»,-ասում է վկաներից մեկը, հաղորդում է «Վեստի»-ն:



Ուրբաթ օրվա գիշերը` Պեկինում օլիմպիական խաղերի բացման օրը, վրացական զորքերը ներխուժել են Հարավային Օսեթիայի տարածք եւ նախաձեռնել Ցխինվալի գրոհը: Գործի էր դրվել ռազմական ավիացիան, տանկերը, խոշոր տրամաչափի հրետանին:



Վրաստանի գործողությունները Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը անվանել է «միջազգային հանրության կողմից Ռուսաստանին տրված մանդատի եւ միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտում:Ռուսաստանն իր հայրենակիցների անպատիժ մահ թույլ չի տա»,-հայտնել է պետության ղեկավարը:



Հաղորդվում է խաղաղ բնակչության զանգվածային զոհերի (ավելի քան հազար մարդ) եւ էթնիկական զտումների մասին, որոնք իրագործել են վրացական զորքերը: Զոհվածներ կան նաեւ խաղաղարարների մեջ: Վրացական տանկերը դիմահար կրակում էին ռուսական խաղաղարարների վրա, մոտ տասը ռուս զինվոր զոհվել են, 30-ը վիրավորված են:



Ռուս խաղաղարարներին օգնության են ուղարկվել ռուսական 58-րդ բանակի ստորաբաժանումները: Վլադիկավկազում օպերատիվ շտաբ է ստեղծվել` Ցամաքային զորքերի գլխավոր կոմիսար, բանակի գեներալ Վլադիմիր Բոլդիրյովի գլխավորությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---