ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում խոստացել են քննարկել Հայաստանին լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը երախտագիտություն հայտնեց Հայաստանի կառավարությանը ԱՄՆ քաղաքացիների անվտանգ մուտքը հանրապետության տարածք ապահովելու համար Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանկ: Այդ մասին նա հայտարարեց Վրաստանին որպես օգնություն 470 մլն դոլար տրամադրելու վերաբերյալ օրինագծի քննարկման ընթացքում, PanARMENIAN.Net ն են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA): Հիշեցնելով Հայաստանին հասցված վնասի մասին եւ նշելով, որ նրան լրացուցիչ օգնություն չի տրամադրվել, Հ.Բերմանը խոստացավ Հայաստանին լրացուցիչ օգնություն տրամադրելու հարցը քննարկել եկող տարի:



«Չնայած, որ քննարկվող օրինագիծը չի ներառում Կովկասի այլ երկրների ֆինանսավորում, այնուամենայնիվ, եկող տարի մենք կփորձենք հաստատել Հայաստանի ֆինանսական օգնության տրամադրում նախատեսող օրինագիծը, որը տուժեց Վրաստանում վերջին իրադարձությունների արդյունքում»,-հայտարարել է Հովարդ Բերմանը:



Իր հերթին կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը Հայաստանին եւ Վրաստանի հայաբնակ Ջավախքին ֆինանսական օգնություն տրամադրելու կողմնակից է, հանդես եկավ որոշ դիտողություններով այդ օրինագծի վերաբերյալ, որը կարող է նպաստել Հայաստանը շրջանցող նոր նավթամուղի կառուցմանը, եւ ընդգծեց, որ այդ նախաձեռնությունը կարող է օգտակար լինել միայն այն երկրներին, որոնք փորձում են մեկուսացնել Հայաստանը: Կոնգրեսական Շերմանը ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանին լրացուցիչ ֆինանսական օգնության տրամադրման հարցը չէր ընդգրկվել Վրաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ օրինագծի մեջ:



«Մենք երախտապարտ ենք Հովարդ Բերմանին ու Բրեդ Շերմանին այս հարցն արծարծելու համար: Մենք հուսով էինք, որ Հայաստանին եւ Ջավախքին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին հարցը կներառվի այն նույն ֆինանսական փաթեթի մեջ, որտեղ ասվում է Վրաստանին տրամադրվող օգնության մասին: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք աշխատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի եւ հատկացումների կոմիտեի հետ, ապահովելու համար Հայաստանին ֆինանսական օգնության տրամադրումը եկող տարում»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---