Ռիչարդ Գիրագոսյան. Հայ-թուրքական հարաբերությունների ճանապարհին ամենալուրջ խոչընդոտը Հայոց ցեղասպանությունն է

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Երեւան պատմական էր եւ նշանավորեց հայ-թուրքական հարաբերությունների նոր դիվանագիտական մակարդակի սկիզբը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել ամերիկացի վերլուծաբան, Jane's կենտրոնի փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, երկկողմ հարաբերությունների բացակայությունը Վրաստանի վերջին դեպքերից հետո խոչընդոտ հանդիսացավ տարածաշրջանի զարգացման համար: «Հարաբերությունները պետք է անհապաղ կարգավորվեն, եւ Վրաստանի դեպքերը միայն արագացրին հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման գործընթացը: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը եւս ձեռնտու է Ռուսաստանին: Այստեղ կա երկու պատճառ: Առաջինը` հայկական էներգետիկայի եւ երկաթուղային ճանապարհների վրա Ռուսաստանի ունեցած հսկողության եւ սեփականության պայմաններում Մոսկվային չափազանց շահավետ է արեւելյան Թուրքիա էլեկտրաէներգիա մատակարարելու համար որպես փոխադրիչ օգտագործել Հայաստանը: Սահմանի բացման հետ մեկտեղ Ռուսաստանը Հայաստանի միջոցով կներթափանցի նաեւ թուրքական շուկա: Այնպես որ թուրք-հայկական հարաբերություններում շրջադարձը ձեռնտու է ՌԴ-ին»,- նշել է Գիրագոսյանը:



Նրա կարծիքով, ռուսական նոր շահերի եւ օժանդակության երկրորդ պատճառը կայանում է նրանում, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը կօգնի Վրաստանի լիարժեք մեկուսացման եւ օտարացման ռուսական մարտավարությանը: «Կա նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ապագայի քաղաքական եւ տնտեսական ոլորտը: Նախ, սահմանի բացումը ապահովում է քաղաքական հաջողություն, քանի որ դա ցույց է տալիս ավելին, քան հասարակ բարի նպատակները կամ քաղաքական ցանկությունը. այն հստակ առաջընթաց քայլ է առաջարկում: Երկրորդը, տնտեսության տեսանկյունից թեեւ շահույթը անմիջապես չի լինի, բայց հայերին նոր առեւտուր եւ նոր շուկաների ճանապարհ կառաջարկի: Թուրքիայի համար սահմանակից առեւտուրը կապահովի Թուրքիայի աղքատացած եւ թույլ զարգացած շրջանները` առաջարկելով նոր աշխատանքային տեղեր եւ պոտենցիալ բարգավաճում»,- ընդգծել է փորձագետը:



Բայց եւ այնպես, Ռիչարդ Գիրագոսյանը ընդգծել է, որ մոտակա ամիսների ընթացքում թուրք-հայկական հարաբերությունների ապագա ուղղությունը լուրջ փորձությունների կենթարկվի: «Ամենալուրջը, իհարկե, օրակարգի պատմական կետն է` Հայոց ցեղասպանությունը: Հենց դա է երկու երկրների ամենալուրջ խոչընդոտն ու խնդիրը, եւ հարցական է մնում այն, թե արդյոք Հայաստանն ու Թուրքիան կկարողանան համաձայնության գալ այդ հարցում»,- ասել է վերլուծաբանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---