Կովկասյան պլատֆորմի կենսունակությունը կախված է նրանից, թե որքանով են նրա մասնակիցները պատրաստ վստահել միմյանց

PanARMENIAN.Net - «Կովկասյան պլատֆորմի կենսունակությունը կախված է նրանից, թե որքանով են նախագծի մասնակիցները պատրաստ վստահել միմյանց, «բաց» խաղալ: Որպես կանոն, կողմերը պատրաստ են գնալ այնպիսի համագործակցության, որի արդյունքում հնարավոր կլինի ետ կանգնել սեփական ազգային շահերից միայն ընդհանուր հակառակորդի առկայության եւ տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության պայմաններում»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Սանքտ Պետերբուրգի Պետական համալսարանի միջազգային հարաբերություների բաժնի դոցենտ, Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի հետազոտական կենտրոնի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա կարծիքով, գլոբալ ֆինանսական եւ էներգետիկ ճգնաժամի պայմաններում Կովկասի երկրները կարող են գալ այնպիսի համաձայնության, որը կարող է նպաստել հարաբերությունների հաստատմանը խանգարող հակամարտությունների կարգավորմանը, ապահովել փոխշահավետ տնտեսական համագործակցության զգալի աճ: «Սակայն դրան խանգարում են պատմական բնույթի բազում իներցիոն իռացիոնալ գործոններ: Հայաստանը կարող է պաշտոնապես հրաժարվել Թուրքիայի հանդեպ տարածքային եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջներից: Անկարան չի համաձայնվի ոչ Կարսի ու Արդահանի կագավիճակի քննարկմանը, ոչ էլ Ցեղասպանության փաստի ճանաչմանը: Ի պատասխան Թուրքիան կարող է վերանայել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, բացել սահմանը Հայաստանի հետ, ինչը շահավետ կլինի երկու կողմերին»,-ասել է նա: Նման նախադեպ գրանցվել է Սիրիայի դեպքում` «հենց որ Դամասկը ճանաչեց Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ հրաժարվեց Հաթայ նահանգի հանդեպ իր հավակնություններից, որը միացվել էր Թուրքիային 1938թ. հանրաքվեի արդյունքում, նպաստեց Սիրիայի տարածքից Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների արտաքսմանը, հարաբերությունները երկրների միջեւ այնքան բարելավվեցին, որ մի շարք հարցերում դարձան նույնիսկ դաշնակցային, էլ չասած տնտեսական հարաբերությունների բազմակի աճի մասին: Ներկայումս Անկարան որպես միջնորդ է հանդես գալիս սիրիա-իսրայելյան կարգավորման հարցում, ինչը ձեռնատու է երկու կողմերին: Հուսով եմ, որ Կովկասի երկրներն ու ժողովրդները կկարողանան հաղթահարել պատմական անհանդուրժողականությունը միմյանց հանդեպ եւ բանակցությունների արդյունքում փոխշահավետ քաղաքական եւ տնտեսական համագործակցություն կհաստատեն»,-ասել է Սոտնիչենկոն:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---