Հայկ Դեմոյան. Հայաստանի կողմից Թուրքիային փոխանցված պասը դեռեւս անպատասխան է մնում

PanARMENIAN.Net - «Հայաստանը ֆուտբոլային դիվանագիտության նախաձեռնողը դարձավ եւ, օգտագործելով ֆուտբոլային տերմինաբանությունը, հայկական կողմի պասը Թուրքիային անպատասխան է մնում: Այս ամենից հետո ոմանց մոտ կասկածներ առաջացան, թե պաշտոնական Երեւանը գնաց այդ քայլին, ելնելով ինչ-որ պարտադրանքից, սակայն դա այդպես չէ»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, այն, ինչով այժմ Անկարան է զբաղվում, գործունեության իմիտացիա է, եւ այդպիսով թուրքական կողմը ձգտում է ժամանակ շահել:



«Թուրքիայի նախագահի Հայաստան այցից հետո մի քանի ամիս է անցել, սակայն Անկարան այդպես էլ կոնկրետ քայլեր չձեռնարկեց այդ շղթան շարունակելու համար: Հակառակը, թուրքական կողմը հրապարակայնորեն հայտարարում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին եւ քայլեր է ձեռնարկում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցման համար»,-նշել է Հայկ Դեմոյանը` հավելելով, որ եթե Թուրքիան իրոք շահագրգռված է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ինչպես դա ցույց է տալիս միջազգային ասպարեզում, ապա պետք է մի քանի քայլ կատարի` բացի Կարս-Գյումրի երկաթուղին, դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ, պահանջներ չներկայացնի Երեւանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ հրաժարվի ՀՀ-դեմ տարվող տեղեկատվական պատերազմից:



«Բոլոր այս կետերը նախապայմաններ չեն Անկարայի համար, սակայն նա պետք է կատարի դրանք, եթե լրջորեն մտադիր է հարաբերություններ հաստատել Երեւանի հետ»,-ընդգծել է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենը: Ըստ Հայկ Դեմոյանի, այժմ էլ Թուրքիան պատրաստում է հերթական «տեղեկատվական գործողությունը» եւ վերաբերում է հայկական հնադարյա մայրաքաղաք Անիի վերականգնմանը: «Անիի վերականգնմանը զուգահեռ, ինչը մի կողմից շատ շահավետ է Թուրքիայի համար, քանի որ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը եւ համապատասխանաբար մեծ շահույթներ ստանալուն, թուրքական իշխանությունները մտադիր են լրատվական-քարոզչական գործողություն սկսել, ըստ որի հայկական կողմն իբր պայթյուններ իրականացնում քաղաքի մերձակայքում: Այդ ապատեղեկատվության հիմնական նպատակն է ապացուցել, որ հայերն իրենք են քանդում Անի քաղաքաի մշակութային ժառանգությունը»,-նշել է պատմաբանը եւ ընդգծել, որ հայկական կողմը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի այդ ապատեղեկատվության տարածումը կանխելու ուղղությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---