Ֆրենկ Փալոունը կշարունակի աջակցել ԱՄՆ-ի եւ Ղարաբաղի միջեւ կապերի զարգացմանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին ԱՄՆ այցի շրջանակներում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Նյու Յորք քաղաքում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային վերջին զարգացումներին, Արցախ-ԱՄՆ կապերին եւ ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում, Բակո Սահակյանը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոունի գործունեությունը`ուղղված հայկական հարցի եւ ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուսաբանմանն ու սատարմանը: Իր հերթին կոնգրեսական Փալոունը պատրաստականություն է հայտնել նույն եռանդով շարունակել իր գործունեությունը եւ նպաստել ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:



Նոյեմբերի 22-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ ԱՄՆ Արեւելյան ափի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներ Հովսեփ Ավագյանի եւ Կարո Քեցեմանյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:



Բակո Սահակյանը կարեւորել է Սփյուռքի հետ փոխհարաբերություններին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը, մասնավորապես, Սփյուռքի ավելի ակտիվ մասնակցությունը հայրենիքի կյանքում: Ըստ Բակո Սահակյանի, այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է աշխատանքները իրականացնել համակարգված ձեւով, մշտական ու կայուն կապ հաստատելով հայ ժողովրդի բոլոր երեք հատվածների միջեւ: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ համազգային նշանակություն ունեցող խնդիրների լուծումը պահանջում է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդումն ու խորացումը:



Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կից գործող հայ ազգային կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ հայայնքի ներկայացուցիչների հետ: Բակո Սահակյանը ծանոթացրել է հավաքվածներին Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակի, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի ու հեռանկարների հետ եւ պատասխանել մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցերին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---