«Խոջալուի» թեման Բաքվի ապատեղեկատվական քաղաքականության անկյունաքարն է ղարաբաղյան խնդրի համատեքստում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ավանդական հակահայկական արշավ է սկսվել` կապված 1992 թ. Խոջալուի իրադարձությունների հետ: Ընդ որում, պաշտոնական ադրբեջանական քարոզչությունը նախկինի պես խտրություն չի դնում միջոցների մեջ` ողբերգության մեջ հայկական կողմին մեղադրելու համար` միջազգային հանարության եւ սեփական ժողովրդի գիտակցության մեջ ներարկելով հայատյացության թույնի նոր չափաբաժին: Դեռ ավելին, Բաքուն շարունակում է արդեն մերկացած կեղծիքներ տիրաժավորել: Այդ մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:



Փաստաթղթում ասվում է, որ անցած տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հասարակության ուշադրությունը հրավիրեց կեղծված լուսանկարին, որ տեղադրված էր մի շարք ադրբեջանական կայքէջերում, այդ թվում նաեւ Ադրբեջանում մեծ հարգանք վայելող <<Հեյդար Ալիեւի հիմնադրամ>> կայքէջում (www.azerbaijan.az): «Նշվել է, որ հարեւան երկրի քարոզչական մեքենան փորձում է օգտագործել այն, որ բացի լուսանկարի առաջնային պլանում քաղաքացիական անձանց դիակների, ետնամասում երեւում է ինչ-որ բնակավայրի ծայրամաս: Այն,ըստ երեւույթին, պետք է ճշմարտություն հաղորդի Խոջալուում ադրբեջանցիների զանգվածային սպանությունների մասին Բաքվի տարբերակին: Մինչդեռ վերոհիշյալ լուսանկարի գունավոր տարբերակը միանգամայն հերքում է այդ վարկածը` զոհվածների արտաքին տեսքի, նրանց հագուստի եւ այլնի առումով: Իրականում լուսանկարը անմիջականորեն առնչվում է Կոսովոյի հետ: Հենց այդ որակով բազմաթիվ այլ լուսանկարների հետ այն տեղադրվել է եւ հիշատակվում է սերբական, ալբանական, գերմանական, ինչպես նաեւ <<Նյու Յորք թայմս>> հեղինակավոր պարբերականի կայքէջերում: Այնուամենայնիվ ցուցադրված բացահայտ կեղծիքը, ըստ ամենայնի, շարունակում է մնալ շատ ադրբեջանական կայքէջերում` մոլորության մեջ գցելով չտեղեկացվածներին: Ամբողջ աշխարհով մեկ նաեւ տարածվում են տվյալ կեղծիքով բուկլետներ»,-ընդգծում է ԼՂՀ ԱԳՆ-ն:



ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը հիշեցնում է, որ 1992թ. փետրվարի 25-26-ը ղարաբաղյան կողմը ռազմական գործողութուն է սկսել Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման եւ նույն ավանի մոտ գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով: 1991թ-ից սկսած հենց այդտեղից են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին, գնդակոծվել <<Ալազան>>, <<Կրիստալ>> եւ համազարկային կրակի <<Գրադ>> ռեակտիվ կայանքներից: Խոջալուի կրակակետերի վնասազերծումը ԼՂՀ բնակչության համար կենսական անհրաժեշտություն էր:

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը հիշեցնում է, որ Խոջալուում օդանավակայանի ապաշրջափակումը եւ հակառակորդի կրակակետերի վնասազերծումը ԼՂՀ բնակչության համար կենսական անհրաժեշտություն էր: Խոջալուն գրոհող ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչների համար միջանցք էին թողել անվտանգ հեռանալու համար, ինչի մասին նախօրոք տեղեկացվել է հակառակորդ կողմը: Խոջալուի կրակակետերը ճնշելու գործողության նախապատրաստման մասին եւս հակառակորդին տեղեկացվել էր երկու ամիս առաջ, ինչը հաստատել են նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձիք, մասնավորապես, այնժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը: Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը մարտական գործողություների գոտուց դուրս բերելու համար: Ավելին, խաղաղ քաղաքացիների շարասյունները գնդակահարվել են Աղդամի շրջանի սահմանային մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Ա.Մութալիբովը` այդ հանցավոր գործողությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու եւ պատասխանատվությունը իր վրա բարդելու ընդդիմության փորձերի հետ:



Տարածքը, որտեղ հետագայում բազմաթիվ սպանվածների դիակներով կադրեր են նկարահանվել, գտնվել է Աղդամից` 3, Խոջալուից 11 կմ հեռավորության վրա: Ընդհուպ մինչեւ 1993 թ. ամռանը Աղդամի անկումը տվյալ տարածքը ամբողջովին վերահսկվւմ էր Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից, ինչը բացառում էր ղարաբաղյան բանակի ստորաբաժանումների մուտքն այդտեղ:



Առայսօր մշուշապատ են մնում այդ ռազմական գործողության որոշ մանրամասներ, ինչն ակտիվորեն շահարկվում է պաշտոնական Բաքվի կողմից իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Հատկանշական է, որ այդ «ամբողջ քարոզչությունը տարվում է վառ արտահայտված հակահայկական շեշտադրումներով ու օգտագործվում ադրբեջանցիների շրջանում հայերի դեմ ուղղված էթնիկ անհանդուրժողականության եւ ատելության շիկացման համար: Ցավոք, <<խոջալուի>> թեման շարունակում է մնալ Ադրբեջանի ներքին եւ արտաքի տեղեկատվական, ավելի ճիշտ, ապատեղեկատվական քաղաքականության անկյունաքարը ղարաբաղյան հիմնախնդրի ենթատեքստում»,-ասվում է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---