Սաբինա Ֆրեյզեր. 2009 թվականի հոկտեմբերը հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր ժամկետն է

PanARMENIAN.Net - Որպես սահմանի վերաբացման հնարավոր ժամկետ է դիտարկվում այս տարվա հոկտեմբերը, երբ Հայաստանի նախագահը պատասխան այցով մեկնի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

«Թուրքիան լրջորեն ներքաշված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ եւ իրապես մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում հարաբերությունների կարգավորման հարցում: Չմոռանանք, որ այս գործընթացը երեկ չի մեկնարկել։ Անկարայի եւ Երեւանի միջեւ բանակցություններն արդեն երկար տարիներ է, ինչ ընթանում են տարբեր ձեւաչափերով, հատկապես` գաղտնի ձեւաչափով Շվեյցարիայում»,-ասել է Ֆրեյզերը:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը` Ս.Ֆրեյզերը նշել է, որ եթե Օբաման ապրիլի 24-ին արտաբերի «ցեղասպանություն» բառը, դա «կարող է բացասաբար անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների արդյունքի վրա»:

«Մենք չենք կարծում, որ տարբեր երկրների կողմից 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Թուրքիային սահմանում կամ լուծում պարտադրելը ճիշտ է։ Թուրքիայի իշխանությունները եւ հասարակական կարծիքը ի զորու են համապատասխան եզրակացություն անել։ Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի իշխանությունների կողմից Թուրքիայի պատմությունը մեկնաբանելու կարիքը չկա։ Այս պահին ցանկացած բանաձեւերի ընդունումը միայն բացասական արդյունք կունենա, քանի որ դրանից կուժեղանան Թուրքիայում ազգայնականների դիրքերը, որոնք, իհարկե, կտրականապես դեմ են ցեղասպանության ցանկացած ճանաչմանը, - ասել է Ֆրեյզերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---