ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Աթենքում 2009 թվականի դեկտեմբերին

PanARMENIAN.Net - Հունաստանի Կորֆու կղզում կայացած ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը հունիսի 28-ին ավարտեց իր աշխատանքը: Գագաթնաժողովի շրջանակներում ներկայացվել են վստահության վերականգնմանն ուղղված կոնկրետ քայլերը եւ հիմք է ստեղծվել ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպման համար, որը տեղի կունենա Աթենքում 2009 թվականի դեկտեմբերին:



«Մենք ավարտեցինք անկեղծ ու ծավալուն բանավեճն եվրոպական անվտանգության ապագա համակարգի հարցի շուրջ»,-հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսը: Ըստ նրա, անվտանգության ոլորտի ավանդական դարձած խնդիրները չլուծված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ են հայտնվում, որոնց թվում` չլուծված հակամարտությունները, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի դադարեցումը, ժողովրդավարության ամրապնդման անհրաժեշտությունն ու օրինականության գերակայությունը, տնտեսական ճգնաժամը, ահաբեկչությունը, թրաֆիկինգը:



Ինչպես նշել է Բակոյանիսը, նախարարները համաձայնվել են սկսել «Կորֆուի գործընթացը» եւ քայլեր ձեռնարկել եվրոպական անվտանգության համակարգի ստեղծման ուղղությամբ:



Բակոյանիսը հավելել է նաեւ, որ նա հանձնարարել է ԵԱՀԿ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչին, դեսպան Մարե Մարինակեին, միջոցներ ձեռնարկել «Կորֆուի գործընթացի» առաջ մղման համար եւ Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովի անցկացման ուղղությամբ, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---