Սերժ Սարգսյանը Թուրքիա կմեկնի միայն եթե Անկարան բացի Հայաստանի հետ սահմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը դիտելու համար Թուրքիա կմեկնի միայն եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ էլ կողմերը Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին լինեն: Նման հայտարարություն է կատարել Սերժ Սարգսյանը Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ համատեղ մամլո ասուլիսին Երեւանում:



«Բանակցությունների ընթացքում ես Սերբիայի նախագահին պատմեցի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված իմ նախաձեռնությանը հետեւած զարգացումների մանրամասները: Տեղեկացրեցի այդ գործընթացի ներկա փուլի մանրամասների մասին: Դուք գիտեք, որ Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան խաղին քիչ ժամանակ է մնացել, որին մասնակցելու հրավեր ունեմ Թուրքիայի նախագահ պարոն Գյուլից: Ներկա իրողությունների պայմաններում, անշուշտ, մենք ակնկալում ենք շուտով ականատեսը լինել կառուցողական քայլերի, որոնցով մեր գործընկերները կփորձեն համապատասխան միջավայր ապահովել Հայաստանի նախագահի պատասխան այցի համար: Նախագահ Տադիչին ես կրկնել եմ իմ նախկին հայտարարությունները, համաձայն որոնց կընդունեմ արված հրավերը միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, իրական քայլերի տեսանելիության դեպքում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահը նշել է, որ Թուրքիա կմեկնի, եթե արդեն իսկ լինի բաց սահման կամ եթե իրադրությունը Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին գտնվի:



ԱԱ 2010 նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայում Աթաթուրքի անվան մարզադաշտում:



Հանդիպումը պետք է անցներ նոր մարզադաշտում, որը կառուցվել էր Աբդուլլահ Գյուլի հայրենիքում` Կայսերի քաղաքում: Սակայն ազգայնականները 270 հազար ստորագրություն հավաքեցին հայկական հավաքականի ժամանման դեմ, ուստի հանդիպման անցկացման վայրը փոխեցին:



Նախընտրական փուլի առաջին հանդիպումը, որին ներկա էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, կայացավ սեպտեմբերի 6-ին Երեւանում: Հայաստանի հավաքականը 0:2 հաշվով պարտություն կրեց Թուրքիայի հավաքականից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---