ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂՀ-ում են

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել նույն օրը Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ նրանց ուղեկցող անձանց հետ: Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը շնորհավորել է Ռոբերտ Բրադտկեին` համանախագահ նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել է ադբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:



Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս կարեւորել է բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը` նշելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական կարգավորման:



Բակո Սահակյանն ընդգծել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման համար պետք է նայել առաջ, այլ ոչ թե առաջնորդվել անցյալով: Նախագահի խոսքով, Լեռնային Ղարաբաղը 1988 թվականի իրողություններին վերադարձնելու ցանկացած փորձ` թե կարգավիճակի, թե վարչատարածքային առումով, հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ գործընթացը կմտցնի փակուղի:



Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է հասարակությունների միջեւ փոխվստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վրա, քանի որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայման է վիճահարույց հարցերը անկեղծ երխոսության միջոցով քննարկելու կողմերի պատրաստակամությունը: Այստեղ իրադարձությունների արհեստական արագացումը անթույլատրելի է: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արդրբեջանի ռազմատենչ եւ ագրեսիվ քաղաքականությունը հանդսիանում է կարգավորման խաղաղ գործընթացի ամենակարեւոր խոչընդոտներից մեկը:



Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Նախագահը նշել է, որ այդ գործընթացը որեւէ առնչություն չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ եւ ողջունել է այդ հարցի կապակցությամբ Մինսկի խմբի համանախագահների կողմից նախօրեին արված հայտարարությունը:



Քննարկվել են նաեւ շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---