GfbV-ն Գերմանիայի ԱԳ նախարարին կոչ է անում չմոռանալ Թուրքիայից քրդերի վտարման փաստը

PanARMENIAN.Net -
«Հալածված ժողովուրդների պաշտպանության ընկերակցությունը» (GfbV) քրդերի վերաբերյալ բաց նամակ է հղել եռօրյա այցով Թուրքիայում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վեստերվելլեին, որում հիշեցնում է նախարարին 1984-1999թթ. քրդերի ու Թուրքիայի կառավարության միջեւ հակամարտության պատճառով Թուրքիայից մոտ 2 միլիոն քրդերի վտարման մասին:



Այդ մասին ասվում է GfbV գերմանական ընկերակցության գլխավոր քարտուղար Տիլման Ցյուլխի` PanARMENIAN.Net ուղարկված հայտարարության մեջ:



«Մեր երկիրը պարտավորություններ է ստանձնել վտարման ենթարկված մարդկանց առջեւ: Դուք այսօր գտնվում եք Թուրքիայում, եւ մենք Ձեզ կոչ ենք անում, չնայած բոլոր կոմերցիոն շահերին, չմոռանալ Թուրքիայից միլիոն քրդերի վտարման փաստը»,- ասվում է GfbV բաց նամակում:



Տիլման Ցյուլխը Գվիդո Վեստերվելլեին կոչ է անում հստակ արտահայտվել թուրքական կառավարության Քրդական նախաձեռնության եւ քրդամետ կուսակցության (DTP) լուծարման վերաբերյալ:



Հալածված ժողովուրդների պաշտպանության ընկերակցություն

«Հալածված ժողովուրդների պաշտպանության ընկերակցությունը» մարդու իրավունքների միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Գետտինգենում (Գերմանիա): Կազմակերպությունը զբաղվում է ամբողջ աշխարհում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ: Գերմանական հասարակայնությունը պայքարում է ցեղասպանության եւ էթնոցիդի բոլոր դրսեւորումների դեմ: Կազմակերպությունը ՄԱԿ-ին կից խորհրդատվական կարգավիճակ ունի, ԵԱՀԿ-ում` ընդհանուր կարգավիճակ, ինչպես նաեւ մասնաճյուղեր եւ գրասենյակներ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Իտալիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Չիլիում եւ Իրաքյան Քրդստանում:

Քրդական բանվորական կուսակցության եւ թուրքական բանակի զինված ընդհարումներ

Քրդական բանվորական կուսակցության (PKK) եւ թուրքական բանակի զինված ընդհարումները սկսվեցին 1964-ին, երբ քրդերը սկսեցին Թուրքիայի կազմում ինքնավարություն եւ մայրենի լեզվով ուսուցում պահանջել: Ընդհարումների ժամանակ սպանվել է մոտ 40 հազար մարդ, PKK առաջնորդ Աբդուլլահ Օջալանը ձերբակալվեց եւ մահապատժի դատապարտվեց, որը փոխարինեցին ցմահ բանտարկությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---