Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարեւոր է Անկարայի համար

PanARMENIAN.Net -
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարեւոր է Անկարայի համար: Այդ մասին Լոնդոնում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն: Նրա խոսքով, հայ-թուրքական հաշտեցումը չպետք է ընդհատվի: «Հենց այդ պատճառով մենք ամեն հնարավոր բան կանենք, ուշադրություն չենք դարձնի քննադատության վրա, քանի որ գտնում ենք, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում»,- ասաց Ահմետ Դավութօղլուն:



Մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը` Թուրքիայի արտգործնախարարն ասաց հետեւյալը. «Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի ներքին ընթացակարգերը: Արձանագրությունների ուղարկումն ու դիտարկումը ՀՀ ՍԴ-ում Հայաստանի ներքին գործն է: Մեզ անհանգստացնում է միայն մի բան` որ ստորագրված Արձանագրությունները չփոփոխվեն»,- նշեց Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը` ավելացնելով, որ ինքը թուրքական կողմի անհանգստությունները ներկայացրել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է Anatolian News Agency-ն:



Աֆղանստանի վերաբերյալ Լոնդոնում ընթացող միջազգային կոնֆերանսի շրջանակներում կայացավ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ահմետ Դավութօղլուի կարճատեւ հանդիպումը:



Հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման ընդունումից հետո սա Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումն է Ահմետ Դավութօղլուի հետ:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն:



«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն ակնկալում է հայկական կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---