Ահմեդ Դավուդօղլու. Թուրքիան ոչ ոքի թույլ չի տա գնահատել իր պատմությունը

PanARMENIAN.Net - Թուրքիան ոչ ոքի թույլ չի տա գնահատել իր պատմությունը: Ոմանք կարող են 1915թ. իրադարձությունները համարել Հայկական հարցի մի մասը, սակայն թուրքական կողմի համար 1915 թվականը մի ժամանակաշրջան է եղել, երբ թուրքերը պաշտպանել են իրենց հայրենիքը: Այդ մասին Ֆինլանդիայում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուն` մեկնաբանելով Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Դավուդօղլուն կհանդիպի Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կառլ Բիլդտի հետ:

«Մենք ափսոսում ենք, որ Շվեդիայի խորհրդարանը նման բանաձեւ է ընդունել: Մենք գտնում ենք, որ խորհրդարանները չպետք է զբաղվեն պատմության գնահատմամբ, քանի որ խորհրդարանականների մեծ մասը համարժեք տեղեկատվություն չունի այդ իրադարձությունների մասին: Պատմության քաղաքականացումը լուրջ խնդիրներ կհարուցի մեր հասարակություններում, եւ այս առումով Շվեդիայի խորհրդարանի որոշումը մեծ սխալ է եւ անընդունելի է մեր համար»,-ասել է Դավուդօղլուն, հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսում:

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիան ու Շվեդիան լավ հարաբերությւոններ էին հաստատել եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սթոկհոլմ կատարելիք այցը կամրապնդեր երկկողմ հարաբերությունները: «Վերջին իրադարձությունների պատճառով մենք ստիպված եղանք չեղյալ հայտարարել վարչապետի այցը եւ ետ կանչել Շվեդիայում մեր դեսպանին: Մենք նման որոշում չէինք ակնկալում մեզ բարեկամ երկրի խորհրդարանի կողմից»,-ասել է Դավուդօղլուն: Նա ասել է, որ իր շվեդ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ նրանք կարծքիներ են փոխանակել Շվեդիայի օրենսդիր մարմնի որոշման վերաբերյալ:

Իր հերթին Կ.Բիլդտը սխալ է համարել պատմական իրադարձությունների քաղաքականացումը եւ հավաստիացրել է, որ անկախ խորհրդարանի որոշումից, Շվեդիան կշարունակի սատարել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, հաղորդում է Anatolian Nesw Agency-ն:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---