Կալկաթայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Կալկաթայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Առավոտյան Կալկաթայի Ս. Նազարեթ Մայր եկեղեցու բակում` եղեռնի հուշակոթողի մոտ, տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն: Արարողության ընթացքում հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը, Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը, եկեղեցու վարչության անդամները, համայնքն ու ճեմարանականները ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին:

Նույն օրը` երեկոյան, տեղի ունեցավ հիշատակի երեկո` Մարդասիրականի սաների մասնակցությամբ: Երեկոն բացեց հնդկահայ հայտնի երգիչ Շեյն Հայրապետը` "Ավե Մարիա" երգով: Հուշ-երեկոյին ներկաներին իրենց պատգամը հղեցին դեսպան Արա Հակոբյանը և Հայր Խորենը:

"Մի ամբողջ ազգ խաչին գամվեց`միայն հայ լինելու համար: Թուրքերի ժխտողականությունը չի թողնում մեր վերքը սպիանա. նրանից դեռ արյուն է ծորում… Սիրելի ներկաներ, մեծեր ու փոքրեր, հատկապես ճեմարանականներ, եկեք մեր նահատակների հիշատակի օրը ուխտենք, որ տեր կկանգնենք հայ դատին, եկեք ուխտենք, որ կպայքարենք մինչև վերջ` խորտակելու համար թուրքական ժխտողականությունը",- նշեց Հայր Խորենը:

Հայոց ցեղասպանության ոգեկոչման հուշ-երեկոյին մասնակցում էր նաև Կալկաթայի կաթոլիկ արքեպիսկոպոս Լուկաս Սարքարը: Նա իր մխիթարանքի խոսքն ուղղեց հնդկահայ համայնքին, մասնավորապես, ասելով, որ անհնար է ջնջել Հայոց ցեղասպանության փաստը պատմության էջերից, քանի դեռ երկրագնդի վրա գեթ մեկ մարդ է ապրում", հաղորդում է Կալկաթայի հայ համայնքը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---