Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին Աստանայում մասնակցել է ԵՎՐԱԶԵՍ-ի միջպետական խորհրդի նիստին

Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին Աստանայում մասնակցել է ԵՎՐԱԶԵՍ-ի միջպետական խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստին: Նիստի աշխատանքներին մասնակցել են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները: Պետության ղեկավարները բանակցություններ են վարել նեղ, ապա` ընդլայնված կազմով, որից հետո ստորագրել են նիստի ամփոփիչ փաստաթղթերը:

Նիստում, մասնավորապես, անդրադարձ է եղել ԵՎՐԱԶԵՍ-ի շրջանակում մաքսային միության ձևավորմանը, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ երկրների համատեղ միջոցառումների իրականացման ծրագրին և կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք այլ հարցերի: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ:

Աստանայում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Ղրղզստանի անցումային շրջանի նախագահ Ռոզա Օթունբաևայի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է տիկին Օթունբաևային պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ղրղզստանի նորանշանակ նախագահը ներկայացրել է իր երկրում ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակը, ինչպես նաև երկրի ժողովրդավարացման ուղղությամբ ժամանակավոր կառավարության կողմից ձեռնարկվելիք քայլերը:

Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանն Աստանայում կմասնակցի նաև Մայրաքաղաքի օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը:

Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 6-ին կվերադառնա Երևան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---