Այժմ Թբիլիսիում գտնում են, որ Գյումրու ռուսական ռազմակայանը սպառնալիք է Հարավային Կովկասի համար, թեև նախկինում հակառակն էին պնդում

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ռուսական ռազմակայանների քանակի ավելացումը մեծ սպառնալիք է Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ինքնավարության համար: Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: Նրա կարծիքով, Գյումրիում ռուսական ռազմակայանի հզորացումը սպառնում է Հայաստանի անկախությանը: «Այդ ռազմակայանը ոչ մեկին կայունության, անվտանգության և համագործակցության հնարավորություն չի տալիս: Միևնույն ժամանակ այդ ռազմակայանը նաև չի ստեղծում բարենպաստ պայմաններ Հարավային Կովկասում առկա խնդիրների քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով լուծման համար: Ռուսական ռազմակայանի միակ նպատակը տարածաշրջանում լարվածության մեծացումն է: Հայաստանում ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացումը 24 տարով և դրա գործառույթների փոփոխումը մեծ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի համար»,- ընդգծել է Վրաստանի արտգործնախարարը, հաղորդում է ԱՊԱ-ն:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց թիվ 5 Արձանագրությունը Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը մինչև 2044 թվականը երկարացնելու մասին:

Դրանից անմիջապես հետո Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտնել է. «Մինչև 2044 թվականը Գյումրիում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին Երևանի ու Մոսկվայի որոշումը երկու ինքնիշխան պետությունների իրավունքն է»: «Մեզ համար կարևորն այն է, որ Հայաստանը լիարժեք գիտակցում է և գիտակցել է Վրաստանի առնչությամբ Ռուսաստանից բխող սպառնալիքները, այդ թվում և տարածաշրջանային համատեքստում: Մեզ համար կարևոր է, որ այդ գիտակցությունը գոյություն ունի մեր հարևանի (Հայաստանի) մակարդակով, մենք նրանց հետ լավ հարաբերություններ ունենք և ոչ մի հիմքեր չունենք կասկածելու, որ Հայաստանը սպառնալիքի տակ կդնի տարածաշրջանային անվտանգությունը»,- նշել է նա:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---