Մարիոս Գարոյան.Միջազգային կառույցներում Հայաստանը կարող է ապավինել Կիպրոսի անվերապահ աջակցությանը

Մարիոս Գարոյան.Միջազգային կառույցներում Հայաստանը կարող է ապավինել Կիպրոսի անվերապահ աջակցությանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ: Մարիոս Գարոյանն ընդգծեց երկու երկրների միջեւ առկա գերազանց հարաբերությունների կարեւորությունը, որն ուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Կիպրոսի խորհրդարանի նախագահը նշեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններում կարեւոր դերակատարություն ունեն կիպրահայերը:

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը` պարոն Գարոյանը անհրաժեշտ համարեց երկկողմ շփումների, միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Նա պատրաստակամություն հայտնեց Կիպրոսի խորհրդարանում Հայաստանին նվիրված ցուցահանդես կազմակերպել: Մարիոս Գարոյանը շեշտեց, որ միջազգային կառույցներում Հայաստանը կարող է ապավինել Կիպրոսի անվերապահ աջակցությանը:

Շնորհակալություն հայտնեով Կիպրոս այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայ–կիպրական միջպետական համագործակցության հետագա խորացման համար առանձնահատուկ դեր վերապահեց օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Կարևոր համարելով եվրաինտեգրման գործընթացում Կիպրոսի փորձը, Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար համարեց զարգացնել փորձի փոխանակման հնարավորությունները Հայաստանի օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց տնտեսության, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցության ակտիվացումը: Ազգային ժողովի նախագահը կարեւորեց տարբեր միջազգային կազմակերպություններում, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկուստեք, հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի եւ Կիպրոսի արտաքին եւ ներքաղաքական խնդիրներին:

ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները Նիկոսիայում այցելեցին «Նարեկ» հայկական վարժարան, հայկական եկեղեցի, ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Հովիկ Աբրահամյանի գլխավորած ԱԺ պատվիրակությունը հանդիպեց նաեւ Նիկոսիայի քաղաքապետ տիկին Էլենի Մավրուի հետ: Հանդիպումից հետո տիկին Մավրուի ուղեկցությամբ հայ խորհրդարանականները այցելեցին կիպրաթուրքական հրադադարի գիծ: Նույն օրը Հովիկ Աբրահամյանը այցելեց Լեֆկարայի պատմամշակութային համալիր, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---