Ադրբեջանը և Իսրայելը դեռ լիովին բավարարված են ներկա հարաբերություններով

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՊՆ վերջին հաշվետվության համաձայն, Ադրբեջանը համատեղ ձեռնարկություն է ստեղծել իսրայելական ընկերության հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության համար: Այս ձեռնարկությունը 51 տոկոսով պատկանելու է Ադրբեջանին, ասվում է WikiLeaks կայքի կողմից հրապարակված դիվանագիտական նամակագրությունում:

«2008-ի մայիսին Բաքվում կայացել է հանդիպում Իսրայելի գյուղատնտեսության նախարար Շալոմ Սիմխոնի հետ: Իսրայելական աղբյուրները պատմել են մեզ, թե ինչպես է դիպուկ նկարագրել նրանց երկկողմանի հարաբերությունները նախագահ Ալիևը. «Սառցաբեկոր, որի իննը տասներորդ մասը թաքնված է օտար աչքից»: Շատ ճիշտ է, չէ որ Բաքուն հավասարակշռում է իր բարեկամական հարաբերություններն Իսրայելի հետ Իսլամական խորհրդաժողովի կազմակերպությունում պարտավորությունների հետ: Այդ պատճառով Ադրբեջանն Իսրայելում դեսպանատուն չունի, հնազանդ քննադատում է (թեպետ և թույլ) իսրայելական ռազմական գործողությունները Պաղեստինում և Լիբանանում, իսկ միջազգային հարթակում պաշտպանում է ԻԽԿ-ին` ամեն կերպ ջանալով չառաջացնել Իրանի ցասումը:

Երբ վերջերս ՄԱԿ ԳՎ-ում դեսպանատունը դեմարշ փոխանցեց իսրայելական բանաձևին, ԱԳՆ-ում մեր աղբյուրը բացատրեց, որ Ադրբեջանը հետևելու է ԻԽԿ ընթաքին, իսկ Իսրայելի և Ադրբեջանի միջև «անըմբռնողականություն» է առաջացել քվեարկության անցկացման վերաբերյալ: Մեր իսրայելական աղբյուրները չեն օգտագործում այդ բառը, բայց խոստովանում են, որ այդ հարցերում չեն փորձում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Դա վերաբերվում է նաև ամերիկյան քաղաքականությանը, քանի որ Ադրբեջանը փորձում է (հաճախ հաջող) իսրայելական լոբբին իր կողմը գրավել»,- ասվում է հեռագրում:

Բաքվում իսրայելական առաքելության ղեկավարի տեղակալը պատմել է, որ իսրայելցի գործարարները ղազախստանյան կոռուպցիան նախընտրում են ադրբեջանականից: Չէ որ Ղազախստանում պետք է մեծ կաշառքներ վճարել բիզնեսով զբաղվելու համար, բայց սովորաբար կատարվում է մեկ, գլխավոր վճարում, իսկ Ադրբեջանում կաշառքների պահանջները երբեք չեն դադարում:

Ադրբեջանի հետ իսրայելական հարաբերությունները կառուցվում են հստակ պրագմատիզմի և գերակայությունների սուր գնահատականի վրա: Իսրայելը պետք է պահպանի Ադրբեջանին որպես դաշնակից Իրանի դեմ: Ադրբեջանն Իսրայելի նման սեղմված է խոշոր, ազդեցիկ և անբարյացակամ հարևանների միջև: Իսրայելը զերծ է մնում Ադրբեջանի վրա երկրորդական խնդիրների առիթով ճնշում գործադրելուց հիմնական խնդիրների լուծման համար, բայց ակնհայտ է, որ դեռ երկու կողմերը լիովին բավարարված են ներկա հարաբերություններով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---