Սերժ Սարգսյան. Երբ Թուրքիան համապատասխանի եվրոպական չափանիշներին, Հայաստանը կունենա ավելի կանխատեսելի հարևան

Սերժ Սարգսյան. Երբ Թուրքիան համապատասխանի եվրոպական չափանիշներին, Հայաստանը կունենա ավելի կանխատեսելի հարևան

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրավերով այսօր պետական այցով ժամանել է Հունաստանի Հանրապետություն: Հանդիպումից հետո նախագահները ճեպազրույց են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Ճեպազրույցում նախագահը, մասնավորապես, ասել է. «Նախագահի կարգավիճակում սա իմ առաջին այցելությունն է Հունաստան` չնայած բազմաթիվ անգամներ եղել եմ Ձեր հյուրընկալ և լավ երկրում: Բարձր մակարդակի այս շփումները մենք դիտում ենք որպես հայ-հունական քաղաքական երկխոսությունը շարունակաբար զարգացնելու փոխադարձ ցանկություն: Ուրախ եմ, որ բովանդակալից և արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և երկկողմ մի շարք հարցերի շուրջ: Արձանագրեցինք, որ կարող ենք ավելին անել և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-հունական փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու, այդ փոխգործակցությանը նոր դինամիկա հաղորդելու ուղղությամբ: Հարուստ իրավապայմանագրային դաշտը, որ ընդգրկում է երեք ու կես տասնյակ պայմանագրեր, այսօր էլ ավելի հարստացավ և մեր գերատեսչություններին համագործակցելու ավելի մեծ հնարավորություն ընձեռեց»:

ՀՀ նախագահը հատուկ առանձնացրեց պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությունը` նշելով, որ այդ գերատեսչությունները, դրանց գործունեությունը մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում:

«Մենք երկուստեք կարևորեցինք մշակութային կապերի և մարդկային շփումների ընդլայնման կարևորությունն ու անհրաժեշտությունը, և ես վստահ եմ, որ գալիք տարիներին անցկացվելիք հայկական մշակութային օրերը Հունաստանում և հունական մշակութային օրերը Հայաստանում անցնելու են բարձր մակարդակով և էլ ավելի են ամրապնդելու մեր մշակութային կապերը, մեր բարեկամ ժողովուրդների հարաբերությունները: Ես իմ հույն գործընկերոջը ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Վերահաստատեցի հայկական կողմի դիրքորոշումը, որ, չնայած Բաքվի կողմից ուժի կիրառման անվերջ սպառնալիքներին, մենք հավատարիմ ենք հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափով կարգավորելու քաղաքականությանը: Հայաստանը փորձեց Թուրքիային ընդառաջ քայլ կատարել` հարևան երկրներին վայել հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բայց չգտանք անհրաժեշտ քաղաքական կամք Թուրքիայի կողմից: Երբ Թուրքիան համապատասխանի եվրոպական չափանիշներին, մենք կունենանք ավելի կանխատեսելի հարևան»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը, Հայաստանի նախագահը նշել է, որ երկու երկրների ղեկավարներն ընդգծել են միջազգային կազմակերպություններում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---