Հոլանդիայում վերսկսվում են Ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի քննարկումները

Հոլանդիայում վերսկսվում են Ցեղասպանության ժխտման քրեականացման  օրինագծի քննարկումները

PanARMENIAN.Net - Ցեղասպանության հասարակայնորեն և կանխամտածված ժխտումը պատժելու օրինագիծը նոր փուլի մեջ է մտնում: Դա պարզ է դառնում Հոլանդիայի խորհրդարանի տարբեր խմբակցությունների հարցերին Քրիստոնեական Միության խմբակցության պատասխաններից, որոնք հրատարակվել են մի 23 էջանոց փաստաթղթում: Այս մասին ասվում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) մամլո հաղորդագրության մեջ:

Օրինագիծը, որը ներկայացվել է հոլանդական խորհրդարանին (Հոլանդական Ներկայացուցիչների պալատին) 2006 թ. Քրիստոնեական Միություն խմբակցության կողմից, մինչ այժմ չէր վայելում մեծամասնության աջակցությունը:

Քրիստոնեական Միություն կուսակցությունը, վերջերս կազմակերպել էր կլոր սեղան, որտեղ մի քանի խմբավորումներ մեկնաբանեցին օրինագիծը, իսկ որոշները, ինչպես Իսրայելի տեղեկատվության և վավերագրության կենտրոնը (CIDI) և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), փաստարկներ առաջ քաշեցին ցեղասպանության ժխտման բացահայտ քրեականացման օգտին:

Օրինագծի հեղինակ Քրիստոնեական Միություն խմբակցությունը իր պատասխան հուշագրում, ի թիվս այլոց, ընդգծել է ցեղասպանության հերքումի բացահայտ քրեականացման անհրաժեշտությունը` հիմնվելով 2008 թ. նոյեմբերի 28-ի «Պայքար ռասիզմի և այլատյացության որոշ ձևերի և դրսևորումների դեմ քրեական օրենքի միջոցով» ԵՄ Շրջանակային որոշման բնագրի և նպատակադրումների վրա: Սույն որոշումն ուղղակիորեն ենթադրում է ցեղասպանության հերքման քրեականացումն անդամ պետությունների կողմից:

Օրինագծի հեղինակը նաև գտնում է, որ անհրաժեշտ է օրենսդրության հստակություն, ինչը չի կարելի եզրակացնել գոյություն ունեցող դատական նախադեպից: Այս դատական նախադեպում, օրինակ, այն փաստն է դեր խաղացել, որ Հոլոքոսթի ժխտումը վիրավորական է Հոլոքոստի ողջ մնացած զոհերի և նրանց անմիջական ընտանիքների համար: Պարզ չէ, թե ինչ է որոշելու դատավորը, երբ այլևս չկան (Հոլոքոստը) վերապրածներ կամ նրանց անմիջական հարազատները:

Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, պետք է, ի թիվս այլոց պնդել, որ դրա պաշտպանությունը նկատի չի առնված օրինակ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում (ՄԻԵԿ)` խմբային վիրավորանքի լուրջ խախտումների համար:

Ինչ վերաբերում է ցեղասպանություն հասկացությանը, համենայն դեպս, որպես օրինակ այնտեղ նշված են Հոլոքոսթը և Հայոց Ցեղասպանությունը, ինչպես նաև Ռուանդայի և Սրեբրենիցայի ցեղասպանությունները: Նույնպես նկատառումներ են արված այնպիսի չափանիշների վերաբերյալ, ինչպիսիք են այս կապակցությամբ ճանաչումը և «ընդհանուր համաձայնությունը»:

Առաջիկայում հայտնի կդառնա, թե Հոլանդիայի ներկայիս քաղաքական իրավիճակում, որ ստեղծվել է 2010 թ. խորհրդարանական ընտրություններից հետո, արդյո՞ք կլինի օրինագծին աջակցող մեծամասնություն Հոլանդիայի խորհրդարանում: Կարելի է ակնկալել, որ մինչև այս տարվա վերջը օրինագիծը կքննարկվի Հոլանդիայի խորհրդարանի լիագումար նիստում, ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---